23 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը կանգնած է պարզ ընտրության առաջ. կա՛մ ջախջախել Եկեղեցին  և պահպանել իշխանությունը, կա՛մ Եկեղեցին կհեռացնի նրան․ Известия

Փաշինյանը կանգնած է պարզ ընտրության առաջ. կա՛մ ջախջախել Եկեղեցին  և պահպանել իշխանությունը, կա՛մ Եկեղեցին կհեռացնի նրան․ Известия

Հայաստանում իշխանության և Եկեղեցու միջև առճակատման նոր փուլ է։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով կհասնի Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնանկությանը: Տեղական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ իշխող կուսակցությունը կողմնորոշվել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության հարցում՝ տվյալ անձը քահանա Արամ Ասատրյանն է․ գրում է Известия-ն։

Ըստ աղբյուրի՝ կաթողիկոսն ինքը բավականին ակտիվ է: Օգոստոսի վերջին նա հանդիպել է միլիարդատեր և բարերար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» նոր ընդդիմադիր շարժման առաջնորդների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ Գարեգին Բ-ն օրհնել է իր զրուցակիցներին և գործարարի բանտարկությունն անվանել անօրինական։

Ավելին, սեպտեմբերի կեսին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Էջմիածնի տարածած հայտարարության համաձայն՝ Գարեգին Բ-ն մատնանշել է Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման սպառնալիքը, Ադրբեջանում հայ բանտարկյալներին և գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը և խոսել Ղարաբաղից փախչել ստիպված հայերի ճակատագրի մասին: Ինչպես նկատում է Известия-ն, սրանք բոլորը չափազանց զգայուն թեմաներ են Հայաստանի իշխանությունների համար, որոնցից նրանք փորձում են խուսափել:

Վերջին շրջանում Հայ եկեղեցին բազմիցս դարձել է բողոքի տրամադրությունների հենասյուն, միևնույն ժամանակ Գարեգին II-ը հնարավորություն ունի արտահայտվելու ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային մակարդակով։

«Ավելին, հաջորդ տարի երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Հայ առաքելական եկեղեցին վայելում է բնակչության վստահությունը, և նրա աջակցությունը կարող է մեծացնել այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հաղթանակի հնարավորությունները։ Հնարավոր է, որ նման սցենարը կանխելու համար սկսվել է հոգևորականությանը վարկաբեկելու արշավ։ Վերջապես, դավադրության տեսությունները ենթադրում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ Անգլիայի աջակցությամբ, ստիպել են Փաշինյանին հարձակվել հայկական ինքնության գլխավոր հենասյան վրա», – գրում է լրատվամիջոցը։

Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը կարծում է, որ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև պայքարը կարևոր է Հայաստանի ապագայի համար։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկանում է, որ Եկեղեցին իրական ընդդիմությունն է։ Հայ առաքելական եկեղեցին, իր բնույթով, ունի կոշտ հիերարխիա, ճանաչված առաջնորդ և ցանկալի ապագայի հստակ տեսլական։ Վերջնական արդյունքում Փաշինյանը կանգնած է պարզ ընտրության առաջ. կա՛մ նա կջախջախի Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կպահպանի իշխանությունը, կա՛մ Եկեղեցին, ի վերջո, կհեռացնի նրան։

Սակայն փորձագետը հավելում է, որ աշխարհիկ իշխանությունները դժվար թե հաջողության հասնեն հոգևորականության դեմ պայքարում: Աթաևի խոսքով՝ Գարեգին II-ն իր ետևում ունի մարդիկ, որոնք պատրաստ են գնալ մինչև վերջ, մինչդեռ Փաշինյանն ունի շատ ավելի քիչ նման մարդիկ։

Ռազմագերիներ