
Դանիայի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են անօդաչուների պատճառով
Դանիայի Ալբորգի օդանավակայանը փակ է, քանի որ երկրի օդային տարածքում հայտնվել են անօդաչուներ. գրում է Reuters-ը:
Ընդամենը երկու օր առաջ փակվել էր երկրի գլխավոր՝ Կոպենհագենի օդանավակայանը՝ կրկին անօդաչուների հայտնվելու պատճառով։ Սա մտահոգություն է առաջացրել Եվրոպական ավիացիայի մոտ։
Այս անօդաչուներն արտաքինից շատ նման էին Կոպենհագենի օդանավակայանի աշխատանքը չորս ժամ կանգնեցրած անօդաչուներին։ Ալբորգի օդանավակայանը նաև ռազմական բազա է, ուստի Դանիայի զինված ուժերն այս միջադեպից նույնպես տուժել են։
Դանիան Կոպենհագենի միջադեպը համարել է իր կարևոր ենթակառուցվածքի վրա ամենածանր հարձակումն ու այն կապել ռուսական անօդաչուների հնարավոր ներխուժումների հետ։
Դանիայի ոստիկանության տվյալներով՝ Ալբորգի օդանավակայանի մոտ նկատվել է մի քանի անօդաչու՝ լուսարձակներով։ Դրանք առաջին անգամ երևացել են երեքշաբթի երեկոյան և շարունակում էին օդում մնալ մինչև չորեքշաբթի առավոտյան:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում․ ուղևորներին ու շրջակայքի բնակիչներին վտանգ չի սպառնում: