
Չինացի փորձագետներն աշխատել են ռուսական զենք արտադրողի հետ՝ ռազմական անօդաչուների վրա
Reuters-ի և եվրոպական անվտանգության երկու պաշտոնյաների փոխանցմամբ՝ չինացի փորձագետներն այցելել են Ռուսաստան՝ աշխատանքներ կատարելու ռազմական անօդաչուների տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, պետական սեփականություն ունեցող IEMZ Kupol ընկերությունում, որն այս պահին գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։
Փաստաթղթերն ու պաշտոնյաների տեղեկությունները ցույց են տալիս, որ չինացի մասնագետները IEMZ Kupol ընկերություն այցելել են ավելի քան վեց անգամ՝ անցած տարվա երկրորդ եռամսյակից սկսած։ Այդ ընթացքում Kupol-ը նաև ստացել է չինական արտադրության հարձակողական և հետախուզական անօդաչուներ ռուսական միջնորդի միջոցով։
Reuters-ը նախապես հայտնել էր, որ Kupol-ը Չինաստանի մասնագետների օգնությամբ ստեղծել է Garpiya-3 նոր անօդաչու սարքը։ Այս անգամ լրատվական գործակալությունը հրապարակում է, թե ինչպես են չինացի փորձագետները ներգրավված եղել անօդաչուների թեստերում ու տեխնիկական աշխատանքներում Ռուսաստանում։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Kupol-ն անցած տարի ստացել է մի քանի «մեկանգամյա հարձակողական» անօդաչու սարք՝ Չինաստանի Sichuan AEE ընկերությունից, որոնք փոխանցվել են ռուսական TSK Vektor ընկերության միջոցով, որն էլ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ է։
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն այդ գործակցությունից և պնդել է, որ Չինաստանը երբեք չի տրամադրում մահացու զինատեսակներ և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների, այդ թվում՝ անօդաչուների արտահանումը։
Անցած տարվա ընթացքում Kupol-ն արտադրել է հազարավոր Garpiya-ներ՝ օգտագործելով չինական պահեստամասեր, այդ թվում՝ շարժիչներ: Այս անօդաչուները կարող են թռչել հարյուրավոր մղոններ նախապես ծրագրավորված նպատակներին հասնելու համար, ապա ընկնել և պայթել։ Կիևի իշխանությունները հայտարարել են, որ դրանցից ամսական մոտ 500-ը օգտագործվում են Ուկրաինայում։
Փաստաթղթերն ու թեստերի հաշվետվությունները ցույց են տալիս, որ չինացի մասնագետները մասնակցել են անօդաչուների հավաքմանը, Kupol-ի աշխատակիցներին ուսուցանել, նաև մասնակցել թեստային թռիչքներին՝ Չեբարկուլի ռազմական կենտրոնում։ Փորձագետների այցելությունները և կարճաժամկետ թռիչքները ցույց են տալիս, որ Kupol-ն հետաքրքրված է նոր անօդաչու մոդելների արտադրությամբ։
Եվրոպական պաշտոնյաները նշում են, որ այս գործակցությունը ընդգծում է Չինաստանի կարևոր դերը Ռուսաստանի ռազմական մատակարարման շղթայում, հատկապես օդային անօդաչուների ոլորտում: