
Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբեռպաշտպանական կարողություններով․ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար
ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանին իրական կիբեռպաշտպանական կարողություններով չօժտելու համար։ Նա այդ մասին գրել է սոցցանցի իր էջում։
«ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմը համագործակցեց Օրբիսի հետ՝ պատրաստելու տաղանդավոր և աշխատասեր մասնագետների նոր սերունդ, որոնք ունակ կլինեին պաշտպանել մեր երկրի տնտեսությունը կիբեռհարձակումներից։ 2024թ. ամռանը, նոր իրականությունից հուսալքված, Յուրին, Վարդուհին, Յաշան, Անուշը, Մերին, Գոռը, Սևակը, Արմանը, Լիանան ու Նարեկը հրաժարվեցին աշխատանքից, իսկ պետական միջոցներով ձեռք բերված գերարդիական տեխնոլոգիան մնում է անտեսված ու փտում է։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի Հայաստանին օժտել իրական կիբեռպաշտպանական կարողություններով»,– գրել է Դավիթ Փափազյանը։
Օրեր առաջ ԱՆԻՖ–ի նախկին ղեկավարը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրենց քավության նոխազ դարձնել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը։
«Հավատարիմ մնալով իր ոճին՝ նրան սպասվում է հերթական ձախողումը»,– գրել էր նա։
ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսին «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։
ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական գործը հարուցվել է 2023-ի դեկտեմբերին։