
TikTok-ն ԱՄՆ-ում կգործի ամերիկյան բիզնեսի վերահսկողությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է հրամանագիր, որով TikTok-ի ամերիկյան բաժինը փոխանցվելու է ԱՄՆ սեփականատերերի վերահսկողությանը. գրում է The Guardian-ը:
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համաձայնության է եկել, որպեսզի հավելվածը շարունակի գործել ԱՄՆ-ում, բայց առանձնացվի իր չինական մայր ընկերությունից՝ ByteDance-ից։ Նրա խոսքով՝ այս լուծումը համապատասխանում է Կոնգրեսի ընդունած օրենքին, որը հակառակ դեպքում ստիպելու էր արգելել հավելվածը։
Ըստ ծրագրի՝ ամերիկացի ներդրողները կստանձնեն TikTok-ի մեծամասնության վերահսկողությունը և իրավունք կստանան օգտվելու հավելվածի հիմնական ալգորիթմից։ ԱՄՆ ընկերությունները կկազմեն նոր ընկերության մոտ 80%-ը, մինչդեռ ByteDance-ը և չինացի ներդրողները կունենան 20%-ից քիչ բաժնեմաս։ Նոր կառույցի տնօրենների խորհուրդը կունենա յոթ անդամ, որոնցից վեցը ամերիկացիներ կլինեն։
Նոր ընկերության արժեքը գնահատվում է մոտ 14 միլիարդ դոլար, մինչդեռ ByteDance-ի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 330 միլիարդ։ Ամերիկյան կողմի գլխավոր ներդրողը Oracle տեխնոլոգիական ընկերությունն է, որը կվարի TikTok-ի ամերիկյան գործառնությունները և կպահպանի օգտատերերի տվյալները ամպային համակարգերում։
Ներդրողների թվում են նաև մեդիա մագնատ Ռուփերթ Մերդոկը և Dell ընկերության ղեկավար Մայքլ Դելը։
Այս գործարքը վերջ է դնում ամիսներ տևած անորոշությանը և ամերիկյան շուկայում ապահովում է հավելվածի գործունեությունը։ TikTok-ն ԱՄՆ-ում օգտագործում է մոտ 180 միլիոն մարդ, իսկ Թրամփը նույնիսկ այն կապել է իր 2024-ի ընտրական հաջողության հետ։
TikTok-ը նախկինում բախվել էր Կոնգրեսի և օրենսդիրների դժգոհությանը՝ կապված տվյալների անվտանգության ու Չինաստանի ազդեցության վտանգի հետ։ Անցյալ տարի Կոնգրեսը պահանջել էր հավելվածը վաճառել ԱՄՆ-ում կամ արգելվել։ Գերագույն դատարանն էլ հաստատել էր այդ որոշումը։
Թրամփի նոր հրամանագիրը՝ «Փրկելով TikTok»-ը, հայտարարում է, որ այս գործարքը լուծում է ազգային անվտանգության հարցերը։ Գործարքի ավարտը նախատեսվում է մոտ 120 օրվա ընթացքում։