
Եվրոպացի դիվանագետների զգուշացումը Կրեմլին՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամբողջ ուժով արձագանքել իր օդային տարածքի հետագա խախտումներին․ Bloomberg
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ դաշինքի երկրների օդային տարածք ներխուժող անօդաչու թռչող սարքերը հրթիռներով խոցելը տնտեսապես նպատակահարմար չէ։
«Անհիմն է 1000 կամ 2000 դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքերը խոցել 0,5 կամ 1 միլիոն դոլար արժողությամբ հրթիռներով», – նշել է նա Bloomberg-ի հետ զրույցում։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքի երկրներն առաջիկա շաբաթներին կսկսեն ներդնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ։
Գործակալության հետ զրուցած եվրոպացի պաշտոնյան, անանունության սկզբունքով, նշել է, որ այս շաբաթ եվրոպացի դիվանագետները Կրեմլին զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամբողջ ուժով արձագանքել իր օդային տարածքի հետագա խախտումներին, այդ թվում՝ ռուսական ինքնաթիռները խոցելով։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Մոսկվայում լարված հանդիպման ժամանակ բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի դեսպանները ներկայացրել են իրենց մտահոգություններն անցյալ շաբաթ Էստոնիայի օդային տարածք երեք ՄիԳ-31 կործանիչների ներխուժման վերաբերյալ։ Զրույցից հետո նրանք եզրակացրել են, որ խախտումը ռուս հրամանատարների դիտավորյալ մարտավարությունն է եղել։ Ռուս պաշտոնյաները հերքել են, որ իրենց ինքնաթիռները հատել են Էստոնիայի օդային տարածքը՝ դա անվանելով սխալմունք։
Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները վկայում են, որ Պուտինին ավելի խիստ նախազգուշացում է տրվել Արևելյան Եվրոպայի երկնքում ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ՝ մատնանշելով երկու կողմերի միջև առկա լարվածությունը։
Պաշտոնյաների խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս դիվանագետը եվրոպացիներին ասել է, որ ներխուժումները Ղրիմի վրա Ուկրաինայի հարձակումների պատասխանն էին։ Կրեմլը հայտարարել է, որ Կիևի գործողությունները հնարավոր չէին լինի առանց ՆԱՏՕ-ի աջակցության, և որպես արդյունք՝ Ռուսաստանը համարում է, որ արդեն իսկ ներգրավված է բախման մեջ, որին մասնակցում են եվրոպական երկրները։
Գերմանական կառավարության պաշտոնյան հաստատել է, որ հանդիպում է տեղի ունեցել, և որ դեսպանները Մոսկվային հայտնել են, որ ներխուժումները պետք է դադարեցվեն։
Օրերս Նորվեգիայի, Դանիայի, Ռումինիայի, Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենց երկրների օդային տարածքը խախտել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։