
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն
Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը ողջունում է Սրբոց Յակոբեանց Միաբանության ընդհանուր ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի որոշումը, ըստ որի «Կովերի Պարտեզ (Հայոց Պարտէզ)»-ի վարձակալության հարցով 2021 թվականին ստորագրված պայմանագիրը հռչակվում է «անօրինական, հակականոնական եւ անվավեր» և մերժում է «հաշտարարի միջոցով ձեռք բերվածը հավելվածը (Addendum) և կարգավորման համաձայնագիրը»։ Միաբանության ընդհանուր ժողովը նաև որոշել է «հետապնդել չեղարկման դատական հայցն ընդդեմ «Զանա Կարտընս» ընկերության»։
Իր այս որոշումներով Սրբոց Յակոբեանց Միաբանությունը վերահաստատում է իր հանձնառությունը եւ իրավական պարտավորությունը՝ Երուսաղեմի հայապատկան հողերը տնօրինելու հօգուտ հայ համայնքի։
Կրկնում ենք, որ հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։ Երուսաղեմի մեջ հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։
Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը, գործակցելով Հայ Դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։
Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 Սեպտեմբեր 2025»։