
Ժողովուրդը քեզ ձայն էր տվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու համար․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
Ադրբեջանը, լինելով հիմնական հանցագործ, չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ամբողջ ներուժը չմսխվեր և 2019 թ․-ի առաջարկներն Արցախի ինքնորոշման վերաբերյալ չդրվեին «աթոռի տակ» ու չնստեին վրան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ մեկտեղ արդեն ապացուցել են, որ իրենց մտքում Արցախի էջն արդեն փակված է։ «Դրա մասին վկայում է Մինսկի խմբի լուծարման որոշումը, իսկ նրանց խոսքերն ու գործողությունները փաստում են դրանց միտումնավորության մասին»,– ասել է Օհանյանը։
Խոսելով 44֊օրյա պատերազմի մասին՝ նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չարեց հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար, որպեսզի մեր բանակը կարողանար իր առջև դրված խնդիրն իրականացնել։ Ընդհակառակը՝ նա ամեն ինչ արեց երկիրը պատերազմի մեջ մխրճելու, Արցախի Հանրապետության չլինելու, իսկ այսօր արդեն նաև Հայաստանի ինքնորոշման վրա ազդելու համար, ինչի համար պարտավոր է պատասխան տալ։
Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը լեգիտիմ է և ժողովուրդն իրեն ձայն է տվել, Օհանյանը պատասխանել է․ «Ժողովուրդը քեզ ձայն էր տվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու համար: Իսկ Ալիևը տեսել է, որ ՀՀ-ում ոչ ադեկվատ իշխանություններ են, որոնք ոչ ադեկվատ կառավարում են իրականացնում, և դա հիմք է դարձրել պատերազմական գործողություններ սկելու համար»,-եզրափակել է Օհանյանը։