
Ի՞նչ միտումով է հիշատակի օր ընտրվել հունվարի 27-ը, ոչ թե սեպտեմբերի 27-ը․ մեկնաբանություն
Իշխանությունն առաջնորդվում է իր քաղաքական առաջնորդի հայտարարած «Չորրորդ հանրապետության» տրամաբանությամբ՝ փորձելով արմատախիլ անել այն ամենը, ինչ ավանույթի և օրենսդրական հիմքով ամրագրված է. մեկնաբանելով հունվարի 27-ը որպես «Հիշատակի և խոնարհումի օր» ընտրելու իշխանության նախաձեռնությունը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունը հատկապես այս տարի ցույց տվեց, որ իր համար գոյություն չունի որևէ բան, որ տեղի է ունեցել հայոց պատմության ընթացքում: Սա փորձ է՝ ամեն ինչ սկսելու զրոյական կետից․ մի բան, որ մենք տեսել ենք 2018-ին, որին հաջորդեցին պատերազմը, Արցախի օկուպացիան և բանակցային գործընթացի ոչնչացումը»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ հավելելով՝ զրոյական կետը, որի մասին հիմա է հայտարարվել, վերաբերվում է արդեն ՀՀ-ի գոյությանը։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նոր օրենսդրական նախագիծ, ըստ որի՝ «Հիշատակի և խոնարհման օր» պետք է ընտրվի ոչ թե սեպտեմբերի 27-ը, սեպտեմբերի 19-ը կամ նոյեմբերի 9-ը, այլ հունվարի 27-ը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պարզաբանելով իր առաջարկը, նշել էր, որ գաղափարն այն է՝ ունենալ հատուկ օր, երբ կհիշատակվեն բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձինք և կխոնարհվեն հանուն հայրենիքի զոհված զինվորների առաջ։