
Թրամփն ու նրա գործողությունները՝ աշխարհի առաջնորդների աչքերով․ The Washington Post
Անկախ քաղաքական տեսանկյունից՝ Դոնալդ Թրամփի նախագահությունն անհետևանք չէ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև՝ աշխարհի համար․ գրում է The Washington Post-ը։
Դա աննկատ չի մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդների հանդիպման ժամանակ, որոնց առջև Թրամփը ելույթ է ունեցել նախորդ երեքշաբթի։ Իրենց ելույթներում և այլ միջոցառումներում նրանցից շատերը հիշատակել են Թրամփին և նրա քաղաքականությունն՝ անուղղակիորեն կամ ուղղակիորեն։
Ահա անցյալ շաբաթ ՄԱԿ-ում աշխարհի տարբեր երկրների առաջնորդներից մեջբերումներ, որոնք խոսել են Թրամփի և նրա վարչակազմի մասին՝ դրական, բացասական և չեզոք լույսի ներքո․
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահի ավտոշարասյան պատճառով ճանապարհի փակվելուց հետո․
«Գիտե՞ք՝ ինչ։ Ես փողոցում սպասում եմ, որովհետև ամեն ինչ սառեցված է Ձեզ համար։ … Ես կցանկանայի այս շաբաթավերջին կարճ քննարկում ունենալ Ձեզ հետ Կատարի և Գազայի իրավիճակի վերաբերյալ»։
Չինաստանի վարչապետ Լի Ցյանը Գլխավոր ասամբլեայում նշել է․ «Համաշխարհային տնտեսության ներկայիս անկման հիմնական պատճառներից մեկը միակողմանի և պաշտպանիչ միջոցառումների աճն է, օրինակ՝ մաքսատուրքերի բարձրացումը և պատերի ու արգելապատնեշների կառուցումը: Մենք պետք է ավելի սերտորեն համագործակցենք՝ շահերի համընկնումը բացահայտելու և ընդլայնելու, համընդհանուր օգտակար և ներառական տնտեսական գլոբալիզացիան խթանելու և հաջողության հասնելու համար՝ նույն ուղղությամբ առաջ շարժվելով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է․ «Երեկ մենք լավ հանդիպում ունեցանք նախագահ Թրամփի հետ, և ես նաև խոսեցի շատ այլ ուժեղ առաջնորդների հետ, և միասին մենք կարող ենք շատ բան փոխել»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գլխավոր ասամբլեայում իր ելույթում նշել է․ «ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտեցումներում մենք տեսնում ենք ոչ միայն ուկրաինական ճգնաժամի իրատեսական լուծման ուղիներին նպաստելու ցանկություն, այլև՝ պրագմատիկ համագործակցություն զարգացնելու ցանկություն՝ առանց գաղափարախոսական դիրքորոշում ընդունելու»:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն, անդրադառնալով կլիմայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններին․ ընդգծել է․ «Եթե կլիմայական գործողություններն ինքնին կասկածի տակ են դրվում, ապա ի՞նչ հույս կա կլիմայական արդարադատության համար»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր ասամբլեայում հայտարարել է․ «Այս (հայ-ադրբեջանական) խաղաղության գործընթացում վճռորոշ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին այն, ինչը թվում էր անհնարին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղության նախաձեռնության մեջ իր դերի և «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում նոր գլուխ բացելու համար»։