
Դպրոցներում հեռախոսների կիրառումը պետք է սահմանափակել, QR-ները՝ վերացնել․ կրթության փորձագետ
Կողմ եմ դպրոցներում հեռախոսների օգտագործման սահմանափակմանը, իսկ մոդայիկ դարձած QR կոդերն էլ պետք է դասագրքերից ընդհանրապես դուրս գան․ ABC media-ի հետ զրույցում ասել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ մեկնաբանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դպրոցներում հեռախոսների կիրառումը սահմանափակելու մասին հայտարարությունը։
«Դա խախտում է հանրակրթության և ընդհանրապես կրթության մեջ հավասարության և արդարության սկզբունքը, որովհետև, միևնույնն է, ոչ բոլոր երեխաներն ունեն հեռախոս, ոչ բոլոր ընտանիքները ունեն ինտերնետի հասանելիություն: Շատ երկրներ գնացել են հենց այդ ուղիով, օրինակ՝ զարգացած երկրներից Ճապոնիան, Չինաստանը, Ռուսաստանում օրենք ընդունվեց և սահմանափակում կա և հեռախոսների օգտագործման որոշակի ժամեր են սահմանում օրվա ընթացքում, ասենք՝ մինչև 10 տարեկանը կես ժամ և այլն»,-ասել է նա:
Ատոմ Մխիթարյանը, սակայն, որոշակի անտրամաբանություն է տեսնում առաջարկությունը ներկայացնողի հարցում։
«Անկեղծ ասած՝ դրան կողմնակից եմ, բայց որ այդ առաջարկությունը գալիս է Երևանի քաղաքապետարանի աթոռը զբաղեցնողից, դա է ինձ համար տարօրինակ. նա ի՞նչ կապ ունի կրթության հետ, որ այդպիսի առաջարկներ է անում: Մի առաջարկ էլ էր արել չէ՞ էս վերջերս, որ եկեք 15 րոպե դասերը շուտ սկսենք, որպեսզի իբր թե խցանումները քիչ լինեն. Երևանում ավելի շատացան խցանումները: Մի առաջարկություն էլ էին արել՝ եկեք կարմիր գծերը թանկացնենք, որ Կենտրոնը բեռնաթափենք մեքենաներից. հակառակը եղավ, այսինքն՝ ավելի լավ է, որ նա այդպիսի առաջարկություններ չանի, թե չէ հակառակ պրոցեսն է զարգանում»,-ասել է մասնագետը:
Կրթության փորձագետը շեշտել է է, որ պետք է սահմանափակել, ոչ թե արգելել, քանի որ բարձր դասարաններում կան հետաքրքիր թեմաներ, որ կարելի է հեռախոսներով, մնացած գաջեթներն օգտագործելով սովորել, բայց հատկապես տարրական և միջին դպրոցներում պետք է սահմանափակել օգտագործումը:
QR կոդերի առկայության մասին կարծիքը հստակ է. «Դա պետք է հանել դասագրքերից, իսկապես պետք է հանել, որովհետև դա ոչ մեկին օգուտ չի տալիս»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դպրոցներում բջջային հեռախոսների կիրառումը սահմանափակելու մասին էր խոսել Տիգրան Ավինյանը։
«Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում»,- գրել էր Ավինյանը։