Հումանիտար վիճակը հասնում է ճգնաժամային կետի, քաղաքացիները ցեղասպանության վտանգի տակ են․ բրիտանացի պատգամավորները՝ Արցախի մասին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները՝
երկրի ԱԳՆ-ին կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող
վայրագությունների դեմ. տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս
Քլևերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԹ-ՀՀ բարեկամության
խմբի ղեկավար Թիմ Լոութոնը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային
կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում
չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող
էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային
թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հսկայական տեղահանումը, թվում է, ադրբեջանական
խաղային ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի օրինական քաղաքացիներին,
ովքեր ցեղասպանության վտանգի տակ են»,-ասված է հայտարարության մեջ: