
Հունգարիայի իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ–ում
Հունգարիան Հայաստանից դեռ ներողություն չի խնդրել հայ սպային կացնահարածին Բաքու արտահանձնելու համար․ ԵԽԽՎ–ում այսօր ելույթ ունենալիս ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները:
Նա ներկաներին հիշեցրեց 2004թ.-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ ադրբեջանցի մասնակցի կողմից Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման, մարդասպանի՝ Ադրբեջան արտահանձնման, Բաքվում նրան շնորհված ազատության, զինվորական կոչման և բնակարանի մասին:
Հենց 2012 թվականին՝ Սաֆարովի արտահանձնման օրերին, նրա խոսքով, ավելի քան 9 մլն դոլարի փոխանցումներ են կատարվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող MKB բանկի հաշվին։
«Հունգարիայի իշխանությունները մինչ օրս պաշտոնական ներողություն չեն խնդրել։ Նրանք պարտավո՛ր են ներողություն խնդրել հայ ժողովրդից»,–հայտարարեց նա:
Այս տարի, երբ Եվրոպական միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն, Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։
«Սակայն, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Ադրբեջանի հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտն արդեն պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին ԼՂ-ում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»,-ասաց նա։