
Կառավարությանը դատի եմ տալու. Վարդան Ղուկասյան
Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«58 մլրդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 մլրդ։ Նրանք պետք է մեր քաղաքին 27 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 մլրդ են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,- ասել է նա։
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը նաև արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշում էր՝ «քաղաքական գործիչը պիտի դուրս շպրտվի»։
Ղուկասյանը հայտարարել է, որ չի իջնի անձնական վիրավորանքների մակարդակին, սակայն պատրաստ է պատասխանել բոլոր քննադատություններին․
«Եթե Հայաստանի վարչապետը ասում է՝ դուրս շպրտվի վեց անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, երկու անգամ պատգամավորին, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել վարչապետ», – ասել է նա։
Նա ընդգծել է, որ իր հայտարարությունները ուղղված են Հայաստանի պետականության պաշտպանությանը․ «Միություն ասելով՝ ես երբեք չեմ նշանակել պետականության կորուստ։ Ով ինձ հակադարձի ու վատ բան ասի, նա թուրքահավատակ է»,- նշել է Ղուկասյանը։
Գյումրիի համայնքապետը նաև շեշտել է, որ երկրի առջև այսօր լուրջ ներքին և արտաքին խնդիրներ կան, և իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց վրա։