
Կառավարությունը խաբեց մեզ՝ տալով խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացրին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
ՀՀ կառավարությունը չի իրագործել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ. նշված է հայտարարության մեջ.
«Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր համախմբվածությունը։ Առանց միասնական ու համառ պայքարի՝ մենք չենք կարող հասնել մեր խնդիրների լուծմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հետ ԱԻՊ խորհրդի մասնագիտական աշխատանքային խմբերի բանակցությունների ընթացքում բոլոր բարելավումները ձեռք են բերվել բացառապես հանրային ճնշման շնորհիվ. միայն միասնական պայքարի արդյունքում մենք կարողացանք ապահովել՝
▪️ևս երկու ամիս 50.000 դրամ աջակցության շարունակությունը,
▪️ավելի քան 150 բնակավայրերում տան գնման գումարի ավելացումը՝ 3 միլիոնից 4 միլիոնի,
▪️բազմաթիվ սահմանափակումների հանումը բնակարանային ապահովման ծրագրից և այլն։
Սակայն ի՞նչ եղավ հետո։ Երբ կառավարությունը համոզվեց, որ հանրային ճնշումը թուլացել է, խոստումները դադարեցին կատարվել. նրանք մեզ խաբեցին՝ տալով խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացրին։
Կառավարության որոշում կայացնողները շատ լավ տեղյակ են մեր բոլոր խնդիրներից։ Խնդիրը անտեղյակությունը չէ, այլ կամքի բացակայությունն ու խաբեությունը։ Նրանք անգամ ընդունել են, որ բնակարանային ապահովման ծրագրում լուրջ բացեր կան, որ զբաղվածության ծրագիրը անարդյունավետ է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Բայց այդ ամենը մնացել է միայն քննարկումների մակարդակում, և մինչ օրս որևէ իրական քայլ չի արվել նշված ծրագրերի էական ու համակողմանի բարելավման ուղղությամբ։
Կառավարության խոստումների մեծ մասը՝ թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ պայմանավորվածությունները, թե՛ մեր աշխատանքային խմբերի և ԱՍՀ նախարարի տեղակալների միջև արձանագրությամբ ամրագրված կետերը, մնացել են անկատար հենց այն ժամանակ, երբ հանրային ճնշումը թուլացել է», – ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը կոչ է արել լրատվամիջոցներին հարց ուղղել ՀՀ կառավարությանը և հատկապես՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե ինչո՞ւ մինչ այսօր չեն կատարվել Խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։