
Ես էլ չունեմ խնդիր Ալեն Սիմոնյանի հետ․ Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ 44-օրյայի զեկույցի շուրջ
Ես էլ չունեմ խնդիր Ալեն Սիմոնյանի հետ, տարբեր մեկնաբանության խնդիր է առաջացել․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից զեկույցն ԱԺ լիագումար նիստի օրակարգում չներառելու փաստը։
Ալեն Սիմոնյանն ասել էր, որ կա ՀՀ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ զեկույցում իրավական ձևակերպումների հետ խնդիր կա։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սպասում է Պետաիրավական հանձնաժողովի նախագահի՝ արտերկրից գալուն, որպեսզի նրա հետ ճշտի՝ արդյոք իսկապես եզրակացություն կա, և որն է խնդիրը։
«Ո՞վ ասաց, որ իմ հանձնաժողովի իրավաբաններն ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի իրավաբանները»,– ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ զեկույցը հասարակության համար պիտի հասանելի դառնա։ Փակ լսումների ձևաչափը, որի մասին ասում է Ալեն Սիմոնյանը, վկայում է նրա մասին, որ զեկույց չկա, իսկ եթե զեկույց կա, ապա ինչո՞ւ, ըստ նրա, չի ներառվում լիագումար նիստում։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստի օրակարգում չի ներառել։ Ըստ նրա՝ կա իրավական ձևակերպման խնդիր։
«Ես ու (հանձնաժողովի նախագահ) Անդրանիկ Քոչարյանը ոչ թե վեճ ունենք, այլ ձևակերպման խնդիր»,–պարզաբանել էր Ալեն Սիմոնյանը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ նրա, հրապարակվելու է։ «Չի կարող չհրապարակվել։ Այլ հարց է, թե ինչ ֆորմատով դա կարվի։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»,– լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր նա։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտել է: Զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, որից հետո պետք է որոշվեր՝ երբ հրապարակել:
Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրել է երեքուկես տարի: Այն ստեղծվել է 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ երկարաձգել ժամկետները: