
Հնդկաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին մասնակցող երկրների, այդ թվում՝ ՀՀ բանակային հրամանատարներին
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող 30 երկրների բանակների ղեկավարների հանդիպում: Այս մասին Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հնդկաստանի Զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռակեշ Կապուրը։
«Հանդիպման ժամանակ մենք կքննարկենք այն երկրների բանակների միջև համագործակցությունը, որոնց զորքերը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մաս են կազմում՝ կայուն համաշխարհային կարգի ապահովման գործում», – ռազմական ղեկավարի խոսքերն է մեջբերել The Times of India–ն։
Կապուրն ընդգծել է, որ Հնդկաստանն իր զորքերը տեղակայում է արտասահմանում միայն ՄԱԿ-ի դրոշի ներքո՝ համաձայն կառավարության քաղաքականության։
Առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ալժիրի, Վիետնամի, Իտալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիգերիայի, Ֆրանսիայի և այլ երկրների բանակների ղեկավարները: Պակիստանին և Չինաստանին հրավերներ չեն ուղարկվել։