
Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդի, որը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց. Վարդան Ղուկասյան
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Օրվա առթիվ ուղերձ է հղել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Այն ներկայացնում ենք ստորև․
«Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլև նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումրեցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:
Գյումրին և գյումրեցիներն ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը:
Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով:
Սիրելի’ հայրենակիցներ,
Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում: Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե:
Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։