
Արդեն հունվարին կարող ենք սկսել քաղաքական միավորման գործընթացը. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժումը Գյումրիում բացեց իր առաջին գրասենյակը. շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանն իրադարձությունը որակեց բեկումնային պահ Գյումրիի զարգացման համար:
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ շարժման գրասենյակի բացումը որոշել էին կապել Գյումրիի օրվա հետ։
«Այսօր Գյումրու օրն է, և նաև այդ պատճառով որոշեցինք այսօր բացել մեր շարժման գրասենյակը։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ–մարեմ» շենքի վերականգնման վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը, շուտով կներկայացնենք նաև Գյումրու վերաբերյալ մեր ամբողջական տեսլականը։ Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ համար»,– լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Ի պատասխան լրագրողների հարցի, թե երբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին՝ Կարապետյանն ասաց, որ հունվարին կկարողանան սկսել քաղաքական թիմի միավորման գործընթացը:
«Կարծում եմ` 2026 թ. հունվարին կարող ենք քաղաքական միավորի հետ կապված պրոցեսները սկսել։ Հետագայում կներկայացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների ու հազարավոր կամավորների կողմից մեր երկրում», – հայտարարեց նա: