
Հայաստանի տարածքով անցնող ցանկացած կապի կամ հաղորդակցական նախագիծ կմնա երկրի ինքնիշխանության ներքո․ ԱԳՆ խոսնակի հարցազրույցը՝ կետերով
ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հարցազրույց է տվել PassBlue գործակալությանը. փոխանցում է «Արմենպրես»-ը։ Հարցազրույցը՝ կետերով․
- Օգոստոսի 8-ի համաձայնագրով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց սահմանների ճանաչումը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա դիտարկվում է որպես խաղաղության հաստատման և հետագա աշխատանքի հիմնաքար։
- Հայաստանի տարածքով անցնող ցանկացած կապի կամ հաղորդակցական նախագիծ կմնա երկրի ինքնիշխանության ներքո։ Խոսքը «միջանցքի» մասին չէ, այլ՝ տարանցիկ ճանապարհի։
- Խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչը մարդասիրական հարցերի լուծումն է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը։
- Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանում ռուս զինվորների պարեկությունը կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով և չի առնչվում խաղաղության պայմանագրին։
- Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, և կողմերը իրականացնում են նախագծեր՝ օրինակ՝ սահմանային կամրջի վերանորոգում։ Խաղաղության պայմանագիրը կարող է նպաստել սահմանի բացմանը։
- Խաղաղության պայմանագիրը չի պահանջում Սահմանադրության փոփոխություն։ Նոր Սահմանադրության հնարավոր ընդունումը Հայաստանի ներքին հարցն է։
- ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի աջակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև տնտեսական առումով կարևոր՝ նախատեսելով համագործակցություն արհեստական բանականության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Հայաստանի երիտասարդությունը ցանկանում է ապրել բարգավաճ, նորարար և խաղաղ երկրում։
ԱԳՆ խոսնակի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ սկզբնաղբյուրում։