
Ադրբեջանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար․ եվրահանձնակատար
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում խորը վերափոխում է նկատվել։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում։
«Այս պատմական պահին ես Բաքու եկա հստակ ուղերձով. ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ օգտվելու այս պատմական հնարավորությունից՝ մեր հարաբերությունները նոր քաղաքական մակարդակի բարձրացնելու համար։ Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան։ Ես հանդիպեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և շնորհավորեցի նրան խաղաղության գործընթացում առաջնորդության համար։ Ես հայտարարեցի մեր մտադրության մասին՝ ընդլայնելու մեր աջակցությունն ականազերծման ջանքերին. ԵՄ-ն պատրաստ է տրամադրել մինչև 23 միլիոն եվրո։ Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տրանսպորտային կապը, էներգետիկ համագործակցությունը և ականազերծման գործողությունները», – նշել է նա։
Կոսն ընդգծել է, որ, մասնավորապես, ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում, տրանսպորտային կապը ձեռք է բերել շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն և՛ ԵՄ-ի, և՛ Ադրբեջանի համար։
«Մենք նաև համաձայնեցինք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և ներդրումները խթանելու հնարավորություններն ուսումնասիրելու համար», – հավելել է եվրահանձնակատարը։
Կոսի խոսքով՝ երկար ժամանակ անց առաջին անգամ Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայից Կենտրոնական Ասիա առևտրային ուղիների հեռանկարը դառնում է իրականություն։
Եվրոպական հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ՝ վերականգնելու և արդիականացնելու այն երթուղիները, որոնք Եվրոպան ավելի են մոտեցնում տարածաշրջանին։
Կոսը նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է հույս դնել Եվրամիության վրա՝ կարգավորման գործընթացը շարունակելու համար, ներառյալ՝ հնարավոր միջսահմանային և տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները, հաշտեցման ջանքերը և մարդասիրական հարցերը։
Հանձնակատարը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի գործողություններին՝ խստորեն դատապարտելով դրանք։
«Սա պատահական չէ: ԵՄ-ն և Ադրբեջանը վճռականորեն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա դիտավորյալ հարձակումներն անհիմն են: Սա բացարձակապես անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի», – նշել է Կոսը։