
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցությունների առաջին օրը Եգիպտոսում ավարտվել է «դրական» նոտայով
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Եգիպտոսում վերսկսված անուղղակի բանակցությունների առաջին օրը ավարտվել է դրական մթնոլորտում։ Քննարկումներից հետո հույս կա, որ հնարավոր է առաջընթաց լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Գազայի պատերազմի դադարեցման 20 կետանոց ծրագրի իրականացման ուղղությամբ. գրում է Al Jazeera-ն:
Բանակցությունները կշարունակվեն այսօր՝ երեքշաբթի։ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ երկուշաբթի Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ-Շեյխում կայացած հանդիպումն անցել է «դրական» մթնոլորտում, և կողմերը կազմել են ճանապարհային քարտեզ՝ բանակցությունների ընթացքի համար։
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը միջնորդներին հայտնել է, որ Գազայում շարունակվող ռմբակոծությունները դժվարացնում են գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։ Պատվիրակության կազմում են եղել շարժման առաջնորդներ Խալիլ ալ-Հայան և Զահեր Ջաբարինը, որոնք անցյալ ամիս Դոհայում Իսրայելի իրականացրած գործողությունից փրկված բանակցողներից են։
Առաջին օրվա քննարկումները վերաբերել են գերիների փոխանակմանը, հրադադարի և հումանիտար օգնության մուտքի հարցերին:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լևիթն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը ձգտում է արագացնել իսրայելցի գերիների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման գործընթացը՝ «դինամիկա ստեղծելու» համար իր խաղաղության ծրագրի մյուս կետերի իրականացման ուղղությամբ։
«Տեխնիկական խմբերը հենց հիմա քննարկում են մանրամասները՝ ապահովելու համապատասխան միջավայր գերիների ազատ արձակման համար», — նշել է Լևիթը՝ հավելելով, որ կողմերը ուսումնասիրում են ինչպես իսրայելցի գերիների, այնպես էլ ազատ արձակվելիք պաղեստինցի քաղաքական բանտարկյալների ցուցակները։
Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տան Օվալաձև սրահում, նշել է. «Մենք իսկապես լավ հնարավորություն ունենք համաձայնության հասնելու», սակայն հավելել է, որ դեռ ունի իր «կարմիր գծերը»։
«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում, և ՀԱՄԱՍ-ը համաձայնում է մի շարք կարևոր հարցերում», – ասել է նա։
Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփը մանրամասներ չի հայտնել բանակցությունների ընթացքի մասին՝ միայն ընդգծելով իր ընդհանուր դրական գնահատականը։