
Կարողանալո՞ւ են կապիտուլյացիայի իրենց մեղքն էլ ուղարկել արխիվ. Սերժ Սարգսյանը՝ 44-օրյայի զեկույցի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու ԱԺ նախագահի որոշման մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է.
«Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալո՞ւ են կապիտուլյացիայի իրենց մեղքն ուղարկել արխիվ: Իմ կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծումից հետո անդամներին ասել են՝ հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու: Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետն ուսումնասիրության համար: Այնուհետև մյուս թևին ասել են` դե որ խախտել են, ինչի՞ եք բերում ԱԺ, ինչո՞ւ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ: Պարզ է չէ՞, այնտեղ ուրիշ ինչ պիտի գտնեն, իրենք իրենց մեղքերն են գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում: Իհարկե, կլինեն ներդրված մարդիկ, որոնք կփորձեն հեքիաթներ պատմել, բայց նաև գերագույն գլխավոր հրամանատարն իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները»:
Երրորդ նախագահը չի բացառել, որ կարող են մեղքը բանակի վրա գցել: «Այդպես ասողներին միշտ պետք է պատասխանել հետևյալը. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենազադեցիկներն են: Մի դիրքի գրավման հետևանքով 70 -ից ավելի «Մարտական խաչով» պարգևատրեցին իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին: 3 նախագահները միասին վերցրած այդքան «Մարտական խաչ» չէին շնորհել: Այդ փաստերը հնարավոր չէ ուղղակի մոռանալ: Լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող մնա, հետո կտեսնենք»,-եզրափակել է Սարգսյանը: