
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը անդրադարձել է նաև մեզ․ Արտակ Զաքարյան
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով, ադրբեջանական Գաբալայում ընդունվել է հռչակագիր, որն անդրադարձել է նաև մեզ․ գրում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Մասնավորապես՝ յոթ երկրների ղեկավարներ, իրենց համատեղ հռչակագրում նշել են Միջին միջանցքի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նրանք նաև վերահաստատել են այս հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը։
Ադրբեջանը, բնականաբար Թուրքիայի աջակցությամբ, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը համառորեն դարձնում է միջազգային ընկալման հարց և այդ հակահայկական գաղափարի շուրջ փորձում է ավելի ու ավելի մեծ թվով համախոհներ հավաքել՝ նախապատրաստելով միջազգային անհրաժեշտ աջակցությունը նաև այդ հարցում։ (Եթե իհարկե Նիկոլը չի խոստացել միջանցք տրամադրել)։
Գաղտնիք չէ նաև, որ թյուրքական պետությունների միջև նախատեսված է ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցություն՝ որի հիման վրա, Ալիևն առաջարկել է անդամ պետությունների համատեղ զորավարժությունները 2026 թվականին անցկացնել Ադրբեջանում։