
Ինչպես եկեղեցին է արցախցիների կողքին, այնպես էլ արցախցիներս ենք եկեղեցու կողքին․ Արցախի պետնախարարը ABC media-ին մանրամասներ է հայտնել Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
Եկեղեցին կանգնած է Արցախի և արցախցիների կողքին, իսկ եկեղեցու դեմ արշավը անընդունելի է մեզ՝ արցախցիներիս համար․ ABC media-ի հետ զրույցում ասել է Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ մանրամասներ ներկայացնելով Վեհափառի հետ հանդիպման մասին։
«Մենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը անդրադարձել ենք արցախցիների իրավունքների պահպանմանը, խնդիրներին, կարևորել Արցախ վերադարձի հարցն ու այն ճանապարհները, որոնք պետք է գտնել»,- ասել է Իսկանդարյանը։
Եկեղեցին միշտ պետականության ակունքներում էր, այսօր երկրում կատարվող իրադարձությունները եկեղեցու դեմ անընդունելի է՝ ընդգծել է Արցախի պետնախարարը․«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ Արցախի չորրորդ նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։