
Պուտինի ու Ալիևի կայանալիք հանդիպումը խոսում է բոլոր հրատապ հարցերը քննարկելու մտադրության մասին. Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 9-ին Դուշանբեում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է պետական այցով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո՛, վաղը հանդիպում կլինի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ», – նշել է Պեսկովը։ Օրակարգի մասին հարցին Կրեմլի խոսնակը պատասխանել է.
«Երկկողմ հարաբերություններն առաջնային են։ Սա մեր հարաբերությունների օրակարգի գլխավոր կետն է: Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է բոլոր հրատապ հարցերը քննարկելու երկու առաջնորդների մտադրության մասին», – ընդգծել է Պեսկովը։
Նա հավելել է, որ չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական վերաբերմունք ունի։