
Մերձբալթյան երկրները ռուսական ներխուժման դեպքում մեկ միլիոն մարդու տարհանման ծրագիր են մշակել. Reuters
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները մշակում են ռուսական ներխուժման դեպքում արտակարգ իրավիճակների ծրագիր, որը ներառում է քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանում. հաղորդում է Reuters-ը։
Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր Բալթյան երկրները կրկնապատկել են իրենց պաշտպանական ծախսերը։
Այս շաբաթ Լիտվայի մայրաքաղաքում անցկացվել են տարհանման վարժանքներ. վարժանքի ծրագրի համաձայն՝ Վիլնյուսի չորս շրջաններից մոտ 100 մարդ քաղաքային տրանսպորտով տարհանվել է երկրի այլ քաղաքներում գտնվող կենտրոններ։
Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության պետի խոսքով՝ ռուսական հարձակման դեպքում Լիտվան նախատեսում է տարհանել ՌԴ-ի և Բելառուսի սահմաններից 40 կիլոմետր շառավղով բնակչության կեսը՝ մոտավորապես 400,000 մարդ. նրանք կգտնվեն դպրոցներում, համալսարաններում և եկեղեցիներում:
Տարհանման ծրագրի շրջանակում արդեն ընտրվել են հավաքման կետեր, այդ թվում՝ մայրաքաղաք Վիլնյուսում, հատկացվել են գնացքներ և ավտոբուսներ, իսկ պահեստները լցված են անհրաժեշտ պարագաներով։
Էստոնիան մշակում է իր բնակչության մեկ տասներորդին՝ մոտավորապես 140,000 մարդու ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու ծրագիր, իսկ Լատվիայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական ներխուժման դեպքում կտեղահանվի 630,000 մարդ:
Այսպիսով, ընդհանուր առմամբ կարող է տեղահանվել ավելի քան մեկ միլիոն մարդ, մինչդեռ բալթյան երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 6.2 միլիոն (Լիտվան՝ 2.9 միլիոն, Լատվիան՝ 1.9 միլիոն և Էստոնիան՝ 1.4 միլիոն)։
Այնուամենայնիվ, երեք բալթյան երկրներից ոչ մեկը չունի քաղաքացիների իրենց սահմաններից դուրս վերաբնակեցման մանրամասն ծրագրեր։