Չգիտենք` կթողնի՞ ադրբեջանական կողմը, որ հումանիտար բեռներով բեռնված մեքենաները անցնեն Լաչինի միջանցքով. Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. «Արմենպրես»
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս
Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին:
Կառավարության կողմից կազմակերպված և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
համար նախատեսված հումանիտար բեռներով բեռնված ավտոմեքենաների շարասյունը հասել էր
Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, երբ շարասյանը մոտեցավ
Եվրամիության չորս մեքենաներից բաղկացած դիտորդական առաքելության ավտոշարասյունը. գրում
է «Արմենպրեսը»։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս
Ռիտերը նշել է, թե տեղյակ են, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է հումանիտար
բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
«Մենք եկել ենք այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, որպեսզի տեղում հետևենք
իրադարձությունների ընթացքին։ Ինչպես և դուք, մենք նույնպես չգիտենք, կթողնի ադրբեջանական
կողմը, որպեսզի հումանիտար բեռներով բեռնված մեքենաները անցնեն Լաչինի միջանցքով և
մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ տեղի ունենա, մենք հանգամանորեն այդ մասին կգրենք մեր
զեկույցում»,- ընդգծել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։