13 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդիրն օրհասական է․ Արցախի պետնախարարի կոչը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և բարերարներին

Խնդիրն օրհասական է․ Արցախի պետնախարարի կոչը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և բարերարներին

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը տեղեկացրել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին՝ նշելով, որ այն ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից:

Հիմնադրամի հիմնական նպատակը լինելու է Արցախից տեղահանված մարդկանց և զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց օգնելը։

«Կառավարության կողմից չկա աջակցություն այդ մարդկանց, իսկ խնդիրն օրհասական է»,- նշում է Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարը հանրությանը կոչ է արել սատարել արցախցիներին։ Նա դիմել է արցախցի այն գործարարներին, որոնք երկար տարիներ հաջողված բիզնես բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում՝ հավելելով, որ «ժամանակն է իրենց հայրենակիցների կողքին կանգնելու, եթե չեն ուզում փողոցում տեսնել զոհվածների ընտանիքների․ սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև բարոյական»։

Իսկանդարյանի դիմել է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: «Վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել արցախցիների խնդիրների թեթևացմանը»,- ասել է պետնախարարը։

Լրագրողների հարցին՝ ինչու առաջին նախագահին չեն հիշատակում,  պետնախարարը պարզաբանել է՝ «հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը»։
Նա դիմել է նաև հայ բարերարներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, ինչպես նաև Սփյուռքում ապրող սրտացավ հայրենակիցներին։

«Եթե պայթյունից զոհվածների ընտանիքներին որևէ աջակցություն չտրամադրվի, ապա այդ մարդիկ կհայտնվեն ուղիղ փողոցում»,֊ զգուշացրել է պետնախարարը։

Լրագրողի հարցին՝ ով է Լիանա Պետրոսյանը և արդյոք արցախցիների կողմից լիազորված մանդատ ունի՞ ներկայացնելու նրանց խնդիրները և լուծումներ պահանջելու, քանի որ նրան շատ են տեսնում նաև իշխանական շրջանակների հետ, Իսկանդարյանը նշել է, որ տիկնոջը հետ երբևէ հանդիպում չի ունեցել, նույնիսկ մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ խորհրդի կազմով հրավիրել են, սակայն չի համաձայնվել հանդիպել: Ամեն դեպքում, պետնախարարը պատրաստվում է Լիանա Պետրոսյանին հանդիպման հրավիրել՝ խնդիրները քննարկելու համար։

Անդրադառնալով ՔՊ-ականների այն խոսույթին, թե արցախցիները չեն կռվել մինչև վերջ, պետնախարարն արձագանքել է․ «Բոլոր բնակավայրերում կան փոքր Եռաբլուրներ, սա ևս վկայում է, որ արցախցիները մենակ էին մնացել ադրբեջանական ագրեսիայի դեմ»։

Նժդեհ Իսկանդարյանը խոստացավ տարվա վերջում ևս մեկ մամուլի ասուլիս անցկացնել և հանրությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին։ «Եթե կարիք լինի, կնշեն, թե ովքեր ինչ պատրաստակամություն են ունեցել հանդիպելու, օժանդակելու, ովքեր ինչ ներդրում են արել և ովքեր չեն ընդունել իրենց հրավերը», – եզրափակեց նա։

 

Ռազմագերիներ