14 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախընտրական Հայաստան. Կլինի՞ արդյոք համախմբում, թե՞ յուրաքանչյուրն «իր ձևով»․ EADaily

Նախընտրական Հայաստան. Կլինի՞ արդյոք համախմբում, թե՞ յուրաքանչյուրն «իր ձևով»․ EADaily

Մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացել է ութ ամսից էլ քիչ ժամանակ, և դրանց մոտենալուն զուգընթաց Հարավային Կովկասի հանրապետության քաղաքական ուժերը սկսում են ցույց տալ ընտրական դաշինքների մեջ մտնելու առաջին նշանները․ գրում է EADaily-ն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին քաղաքական դաշնակիցն է, վերջերս չի բացառել համագործակցությունը ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման հետ։

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, վերջերս լրագրողներին ասել է, որ այժմ քննարկվում է ապագա կուսակցության մասնակցությունն ընտրություններին լայն կոնսոլիդացիոն հարթակով։ Մինչդեռ Կարապետյանի թիմը բացառել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական խմբերի հետ դաշինքներ կնքելու հնարավորությունը։

Ւնչպես նշվում է, նման դիրքորոշումը հասկանալի է, բայց այն նաև պ արունակում է նախընտրական սխալ հաշվարկի ռիսկ հիմնական ընդդիմադիր ուժերի համար։ Վերջին հարցումների համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի (ներկայիս խորհրդարանում երկրորդ ամենամեծ խմբակցությունը) և Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման համակցված վարկանիշը գերազանցում է հայ ընտրողների վստահությունը Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նկատմամբ։ Եթե գործող վարչապետի հիմնական հակառակորդներն առաջադրվեն առանձին ընտրական ցուցակներով, դա կնշանակի ընդդիմադիր ճամբարի ներսում մասնատվածություն՝ ձայների զգալի մասը կորցնելու հետ կապված ռիսկով։ Չի բացառվում նաև, որ ընդդիմադիր տրամադրված հայ ընտրողը որոշ չափով կապակողմնորոշվի։

«Հայաստան» և «Մեր ձևով» դաշինքը, հավանաբար, կձևավորվի ընտրությունների արդյունքներով, այլ ոչ քարոզարշավի ժամանակ։ Սա, իհարկե, ենթադրելով, որ նրանց անհատապես հավաքած ձայները հնարավորություն են տալիս համատեղել իրենց արդյունքները՝ խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին և նրա Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), ապա նրանք ունեն չափազանց բարձր հակառեյթինգ, ինչը կարող է տանել դեպի անկում ցանկացած պոտենցիալ կոալիցիոն գործընկերոջ։

Քոչարյանի «Հայաստանի» դեպքում պատմությունը մի փոքր այլ է։ Սակայն այստեղ էլ, ինչպես կարելի է հասկանալ, Կարապետյանը ձգտում է նվազագույնի հասցնել կամ ամբողջությամբ վերացնել ընտրություններից առաջ երկրի երկրորդ նախագահի հետ ուժերը միավորելու հնարավոր հեղինակության վնասը։ «Մեր ձևով» շարժումը փորձում է իր համար ստեղծել երրորդ ուժ՝ գործող կառավարության և «նախկին» նախագահների այլընտրանքային կերպար, ուստի՝ խուսափում է վերջիններիս հետ որևէ կապից։

Մինչ Էդմոն Մարուքյանը հաստատում է Սամվել Կարապետյանի թիմի հետ որոշ շփումներ և չի բացառում համագործակցությունը, շարժման գործընկերության հարցը երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) հետ մնում է բաց։

Բացառելով հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների հետ համախմբումը՝ Սամվել Կարապետյանի թիմը, այնուամենայնիվ, թույլ է տալիս ներգրավել հայկական լրատվամիջոցների որոշ ականավոր դեմքերի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական միավորումներից: Օրինակ՝ տեղական մեկնաբանները նշել են, որ Քոչարյանի թիմի նախկին անդամ, «Հայաստան» խմբակցության նախկին անդամ և իրավաբան Արամ Վարդևանյանը ներկա է եղել «Մեր ձևով» շարժման անդամների հաշվետու հանդիպմանը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին:

Մինչ Սամվել Կարապետյանի շարժումը բանակցություններ է վարում «մաքուր ձեռքերով մասնագետների» հետ, մեկ այլ ականավոր գործարար՝ Գագիկ Ծառուկյանը, ընտրություններից առաջ քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական ուժերի հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը վերջերս հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Դեմոկրատական այլընտրանք»-ի առաջնորդ Սուրեն Սուրենյանցն արդեն հայտարարել է «Առաջարկ Հայաստան» ծրագրին միանալու մասին։ Ավելին, Սուրենյանցը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ միասին։

Ըստ EADaily-ի՝  հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կիսվել է մի կանխատեսմամբ, որը, այսօրվա տեսանկյունից, իրականանալու բոլոր հնարավորություններն ունի։ «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նոր խորհրդարան կմտնեն երկու ընդդիմադիր ուժեր՝ իր քաղաքական դաշինքը և ապագա «Մեր ձևով» կուսակցությունը։

Ընտրարշավին «Հայաստան» դաշինքի մասնակցության ձևաչափի վերաբերյալ նախկին նախագահը հայտարարել է, որ այս հարցը դեռևս չի քննարկվել, և որ որոշումը կկայացվի հաջորդ տարվա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում։

Հոդվածի համաձայն՝  «եռակուսակցական» խորհրդարանի հավանականությունը, որտեղ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կփոխարինվի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» կուսակցությունով, բավականին բարձր է։ Սակայն ընտրությունների գլխավոր հարցը և իրականում դրանց գլխավոր ինտրիգը ՔՊ-ի կարողությունն է ապահովել 50% + 1 ձայն՝ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երրորդ անգամ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։

Նման հաջողությանը դժվար է հավատալ, չնայած Փաշինյանի ամենամոտ դաշնակիցներն արդեն լավատեսական կանխատեսումներ են արել ընտրություններում «անխուսափելի» հաղթանակի և ցանկալի ձայների մեծամասնության ապահովման մասին։ Նման լավատեսությունը, կարծես, ակնհայտորեն չափազանցված է և միտումնավոր՝ ընտրողներին համոզելու համար, որ իրենց հաղթանակն անվիճելի է։

Իշխող կուսակցությունը մտադրություն չունի ընտրական դաշինքներ կնքել որևէ մեկի հետ, բայց այս իրավիճակը պայմանավորված չէ արժանի գործընկերոջ բացակայությամբ։ ՔՊ-ն ստիպված է մենակ գործել, քանի որ Փաշինյանի ամենամոտ քաղաքական դաշնակիցները՝ մի քանի արևմտամետ քաղաքական ուժեր, կարող են ավելի շատ բեռ դառնալ, քան ձայների աղբյուր՝ արդյունքը համատեղ հասցնելու 50% + 1 ձայնի շեմին։

Ինչպես գրում է կայքը, ընդդիմադիր ուժերի համախմբումը վճռորոշ կերպով կախված կլինի խոշոր խաղացողների կողմից կիրառվող ֆինանսական և կարգավիճակային խթաններից։ Հայկական քաղաքական դաշտում փոքր կուսակցությունները միշտ ձգտում են ավելի տպավորիչ գործընկերների կողմն՝ ապրուստի միջոցի և խորհրդարանական ու կառավարական պաշտոնների որոնման համար։

2026 թվականի ընտրությունները բացառություն չեն լինի, հատկապես հաշվի առնելով «Մեր ձևով» շարժման/կուսակցության ի հայտ գալը հասարակական-քաղաքական ասպարեզում։

Ռազմագերիներ