
ՔԿ-ն հայտնել է խուզարկությունների մասին՝ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալությունների ֆոնին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ. նշված է ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:
«Կատարված մեծածավալ քննչական ու վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):
Վերջիններս ձերբակալվել են», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդի և այլ քահանաների ձերբակալման հիմքերը. դրանք համապատասխանում են վերոբերյալ հաղորդագրության մեջ նշված տվյալներին:


