
Հայ առաքելական եկեղեցուն հալածելով՝ իշխանությունները փորձում են վախեցնել այլախոհներին․ Արա Աբրահամյան
Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականության նկատմամբ Հայաստանում շարունակվող հալածանքները նպատակ ունեն վախեցնելու նրանց, ովքեր համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ․ ասվում է ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունում։
«Հայաստանում ավելի ու ավելի քիչ են ընդհանուր արժեքներն ու գաղափարները, որոնք կարող են միավորել ազգը։ Նյութապաշտությունը և ոգեղենության բացակայությունը՝ որպես պետական գաղափարախոսության հիմք, ավերում և ոչնչացնում են հասարակական կյանքը։ Մարդիկ վախենում են առողջ բանականությունից՝ հօգուտ կառավարության հավակնությունների։
Պատմության ընթացքում մեր ժողովուրդը ծառայել է Աստծուն իր պատմությամբ և մշակույթով, իր աշխատանքով, որի համար վերևից ստացել է ապրելու և պայքարելու ուժ՝ պահպանելով իր լեզուն, հավատքը, ավանդույթներն ու արժեքները։
Մենք չպետք է թույլ տանք, որ հոգևոր քայքայման հոգեբանությունը տարածվի՝ զրկելով մարդկանց իրենց հավատալիքները պահպանելու հնարավորությունից։ Սա հանգեցնում է բռնապետության, ինչը կրկնակի վտանգավոր է՝ հոգևոր կյանքի այլասերման ֆոնին», – նշվում է հայտարարությունում։


