11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն օղակն ավելի է սեղմելու, հաջորդը Մայր Աթոռն է. Զոհրաբյան

Իշխանությունն օղակն ավելի է սեղմելու, հաջորդը Մայր Աթոռն է. Զոհրաբյան

Մկրտիչ սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սրբազանին մեղսագրում են երկու հոդված, որոնցում օրենսդիրն օգտագործել է հետևյալ ձևակերպումը․ «այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով»։

«Սակայն պետք է նշել, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառումը չի վերաբերում մասնավոր անձանց։ Հետևաբար՝ այս ձևակերպմամբ մեղադրանք առաջադրելն իրավական առումով անհիմն է։ Սա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն՝ այս հոդվածները, այդ մասերն ընդհանրապես վերաբերելի չեն Մկրտիչ սրբազանին։ Ավելին՝ նախաքննության մարմինը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել, և սա էլ խոսում էր այն բանի մասին, որ արհեստական մեղադրանք էր, ընդ որում՝ արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային այստեղ կալանքի մասին որոշում ստանալ։ Ցավալին այն է , որ դա դարձել է սովորական երևույթ»,- ասել է փաստաբանը։

«Մենք գիտենք, որ իշխանությունն է՛լ ավելի է օղակը սեղմելու, բնականաբար մենք գիտենք հիմնական նպատակը Մայր Աթոռն է, և վստահ ենք, որ հաջորդ քայլերն ուղղելու են դեպի Մայր աթոռ»,- հավելել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ կալանքի կիրառման համար անհրաժեշտ պայմաններից մեկը հիմնավոր կասկածի առկայությունն է, այսինքն՝ անձի առնչությունը դեպքին և հանցակազմին։

«Իրենք մեղադրում են երկու հոդվածով՝ պնդելով, թե իբր հարկադրել է մարդկանց մասնակցել հավաքների։ Բայց այդ հարկադրանքի որևէ ապացույց չկա։ Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքներում նման բան նշված չէ, նա չի ասել, որ իրեն հարկադրել են»,- նշել է Արա Զոհրաբյանը։

Փաստաբանը հավելել է․ «Մյուս մասով ասում են՝ 2021 թվականին ազդել եք քարոզչության վրա։ Ասում են՝ ժողով եք արել և ասել եք՝ ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք։ Եթե նույնիսկ նման բան ասվել է, դա կոչվում է քարոզչություն, ոչ թե հանցագործություն»։

«Այստեղ չկա ոչ հիմնավոր կասկած, ոչ էլ կալանավորման նպատակ»,- նշել է Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ միակ պատճառը, որ կիրառվել է կալանքը, Սրբազանին պատժելն է։

«Սա ոչ թե իրավական, այլ պատժիչ որոշում է։ Նույն իրավիճակը տեսանք նաև Միքայել սրբազանի դեպքում»,- ընդգծել է պաշտպանը։

Ռազմագերիներ