Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային արձագանք․ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի,
այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում
այժմ մենք․ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասուլիսի
ընթացքում։
Արայիկ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ իշխանություններին։ Հարությունյանը
հորդորել է զերծ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց։
«Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական
գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ
արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝
կոլեկտիվ և անհատական կերպով: Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է
լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային
ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ
աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման
ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասել է ԱՀ նախագահը։