
Ադրբեջանն ուզում է, որ մենք փոփոխություններ անենք Սահմանադրությունում, դա պայման է, որը մենք չենք ընդունում․ Արարատ Միրզոյան
Ադրբեջանական կողմը, ցավոք, նախապայման է առաջադրում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք համաձայն չենք դրան, մենք ունենք հակափաստարկ։ Բայց նրանք կարծում են, որ ՀՀ սահմանադրությունում խնդիր կա։ Դա նրանք են այդպես համարում․ Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Նրանք ուզում են, որ մենք փոփոխություններ անենք Սահմանադրությունում։ Դա պայման է, որը մենք չենք ընդունում։ Մենք օրակարգում ունենք Սահմանադրության փոփոխությունների հարցը, կամ նոր Սահմանադրության ընդունումը։ ՀՀ սահմանադրության մեջ չկա ոչ մի բան, որը վկայում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Մեր Սահմանադրության մեջ կա Անկախության հռչակագրին հղում։ Հռչակագիրը միայն հիշատակվում է Սահմանադրության մեջ, ոչ թե մեջբերվում»,-ասել է նա։
Խնդիրներ, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, ուղղակի չկան․ «Բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը տեսնում է խնդիրներ ու նախապայմաններ է առաջադրում։ Մենք համաձայն չենք դրանց հետ։ Մենք հանրաքվե կանցկացնենք այդ հարցով, բայց դա տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո»։
ԵՄ-ին անդամակցելու մասով՝ ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ հայտը կարող է ներկայացվել մեկ ամսից, հաջորդ տարի. «Դա կախված է բազմաթիվ գործոններից»։ Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը կշարունակի եվրոպամետ ուղին՝ չնայած որոշակի քաղաքական ուժերի կողմից Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի պահպանման մասին պնդումներին։
Անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնագրերին՝ նախարարը նշել է, որ հաջորդ քայլը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն և Ադրբեջանն ունեն փոխադարձ ըմբռնում այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Սա հեշտ գործընթաց չէ։ Ես կարծում եմ, որ սահմանազատումը կշարունակվի նույն տեմպերով և գուցե նույնիսկ կարագանա։ Տրանսպորտային կապերի մասով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, օրինակ, երկաթուղու մի հատվածի ճակատագրի վերաբերյալ. այն պետք է կառուցվի և այնուհետև պահպանվի ամերիկա-հայկական կոնսորցիումի կողմից», – նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ «Թրամփի երթուղին» միջանցք չէ: «Այս երթուղու երկայնքով գտնվող տարածքի և ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության բոլոր ատրիբուտները և մեր ազգային իրավասությունը ճանաչվում են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից: Այսպիսով՝ մենք մեր հողի վրա որևէ լրացուցիչ արտատարածքային «միջանցք» չունենք: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այսպիսով, օրինակ, մենք մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն, ամբողջ համակարգին, ամբողջ շղթային: Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն», – հայտարարել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան շատ ուշադիր հետևում է իրավիճակին։
«Մենք շատ լավ երկխոսություն ունենք բազմաթիվ մակարդակներում։ Այն եղել է և շարունակում է լինել առանց որևէ նախապայմանի։ Միևնույն ժամանակ՝ մեր թուրք գործընկերները շեշտում են, որ չեն կարող ավարտել գործընթացը, բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվել։ Հիմա դա տեղի է ունեցել՝ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Դրա տեքստի վերաբերյալ որևէ վեճ չկա։ Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսնում հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված։ Մեր թուրք գործընկերները նույնպես հաստատել են դա։ Նրանք արտահայտել և ցուցադրել են իրենց պատրաստակամությունը՝ բացելու սահմանները, վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը և վերսկսելու ուղիղ երկկողմ առևտուրը», – շեշտել է նախարարը։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն ունի օրենք, որը պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանն իրականացնել նման քաղաքականություն և ձգտել Եվրամիությանն անդամակցելուն . «Ես չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ կներկայացնենք մեր դիմումը: Դա կարող է լինել հաջորդ ամիս կամ գուցե հաջորդ տարի: Մինչ այդ, առանց սպասելու Եվրամիության պաշտոնական դիմումի կամ պատասխանի, մենք արդեն սկսել ենք աշխատել նրանց հետ՝ զգալիորեն խորացնելով մեր երկկողմ հարաբերությունները: Մենք նաև բանակցություններ ենք վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել ենք գործընկերության նոր ծրագիրը: Այն կստորագրվի հաջորդ երեք ամիսների ընթացքում»:
Միրզոյանը նաև խոսել է ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին:
«Ռուսաստանը մեր հիմնական գործընկերներից մեկն է տնտեսության և առևտրի ոլորտում։ Մենք քննարկեցինք ԵՄ հնարավոր միջոցառումները՝ հայկական ապրանքների ԵՄ շուկաներ մուտքը հեշտացնելու համար։ Մենք, այսպես ասած, դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսական, առևտրային և էներգետիկ կապերը։ Կային բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության եկան, բայց շատ այլ հարցերի շուրջ մենք դեռևս կոնսենսուսի չենք հասել», – նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը, որը, ըստ էության, կառավարության գործիք է, այդքան էլ դրական չի լուսաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Նրանք դատապարտում են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։


