
ԱՄՆ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ենթաբաժինը պետք է կանխեր 2020 և 2023 թթ-ի պատերազմները և ԼՂ-ի հայերի էթնիկ զտումները. The Washington Times
Վաշինգտոնի խիտ արտաքին քաղաքականության օրակարգում Հարավային Կովկասը հազվադեպ է արժանանում կայուն ուշադրության: Այնուամենայնիվ, հենց այդպիսի անտեսված տարածաշրջաններում է, որտեղ ազդեցությունը կարող է կորսվել նվազագույն գնով. գրել է The Washington Times-ը: ԱՄՆ-ի ազդեցության մնացած քիչ գործիքներից մեկը «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ենթաբաժինն է, որն ընդունվել է 1992 թվականին, և որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ:
Դրա չեղարկումը հիմա կլիներ ռազմավարական զինաթափում, քանի որ Ադրբեջանը խորացնում է կապերը Չինաստանի հետ, պաշտպանվում Ռուսաստանից և ընդլայնում է իր դաշինքը Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և որի հուսալիությունը լավագույն դեպքում անորոշ է։
Ինչպես նշվել է, ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի ազդեցության լծակները քայքայվել են, ինչը նպաստել է 2020 և 2023 թվականների պատերազմների և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների իրականացմանը, որը 907-րդ ենթաբաժինը պետք է կանխեր:
Ըստ հոդվածի՝ Ադրբեջանը հուսալի դաշնակից չէ, այլ՝ ուժերի միջև գործարքային հավասարակշռություն ապահովող օպորտունիստ: Նրա ենթադրյալ հակաիրանական դիրքորոշումը կատարողական է. Թեհրանի հետ առևտուրը շարունակվում է: Իսրայելի հետ նրա կապերը «զենք նավթի դիմաց» գործարք են, այլ ոչ թե՝ ռազմավարական դաշինք:
Ադրբեջանը նաև Ռուսաստանի հետևողական հակառակորդ չէ. այն պահպանում է պրագմատիկ կապեր Մոսկվայի հետ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան համակարգեցին արդյունքները՝ Մոսկվան տեղակայեց «խաղաղապահներ», Անկարան մատակարարեց անօդաչու թռչող սարքեր, մինչդեռ արևմտյան տերությունները մնացին մի կողմում։
Թուրքիան, իր հերթին, մարտահրավեր է նետել ԱՄՆ շահերին՝ գնելով ռուսական S-400-ներ, խոչընդոտելով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Ամենահետևանքային գործոնն այժմ Չինաստանն է։ 2015 թվականին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալուց ի վեր, Ադրբեջանը խորացրել է համագործակցությունը Պեկինի հետ՝ 2024 թվականին կապերը բարձրացնելով «ռազմավարական», իսկ այս տարի՝ «համապարփակ ռազմավարական» մակարդակի: Աշխարհագրությունը հզորացնում է այս գործընկերությունը։
Գտնվելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապող Միջին միջանցքի վրա՝ Ադրբեջանը Չինաստանին առաջարկում է տարանցիկ երթուղիներ, էներգետիկ հոսքեր և լոգիստիկ կենտրոններ՝ Պեկինին տրամադրելով ոչ միայն մուտք, այլև ռազմավարական խորություն։ Չինական կապիտալն այժմ թափանցում է Ադրբեջանի էներգետիկ, նավթաքիմիական և վերականգնվող էներգիայի ոլորտներ։ Վերացնելով պայմանականությունը և համագործակցելով Բաքվի հետ նման միջանցքների հարցում՝ Վաշինգտոնը, ըստ էության, կսուբսիդավորի իր սեփական մրցակցի առաջխաղացումը։ 907-րդ բաժինը մնում է ազդեցության ցածր գնով լծակ։ Այն չի պահանջում զորքեր կամ նոր ծախսեր. այն պարզապես ազդանշան է, որ ԱՄՆ օգնությունը պայմաններ է պարունակում, և որ ագրեսիան հետևանքներ ունի։ Դրա չեղարկումը կվերացնի Բաքվի վարքագծի վերջին ինստիտուցիոնալ վերահսկողությունը և կազդարարի, որ Վաշինգտոնն առանց պատժի ընդունում է կատարված փաստերը։


