
Եթե Պուտինը Լեհաստանով թռչի Բուդապեշտ՝ Թրամփի հետ հանդիպման, հնարավոր է՝ ձերբակալվի․ Լեհաստանի ԱԳՆ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել, որ եթե Վլադիմիր Պուտինը Լեհաստանով թռչի Բուդապեշտ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու, նրա ինքնաթիռը կարող է հարկադիր վայրէջք կատարել Լեհաստանում, իսկ Ռուսաստանի նախագահը կարող է ձերբակալվել Միջազգային քրեական դատարանի (ICC) տված օրդերի համաձայն։ Նա այս մասին ասել է Radio Rodzina-ին տված հարցազրույցում․ գրում է meduza.io-ն։
«Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի ստիպի կառավարությանը կանգնեցնել նման ինքնաթիռը՝ կասկածյալին Հաագայի դատարան հանձնելու համար», – ասել է Սիկորսկին։
Նա կարծում է, որ ռուսական կողմը տեղյակ է դրա մասին։
«Եվ, համապատասխանաբար, եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ինքնաթիռները կթռչեն այլ երթուղով», – հավելել է արտաքին գործերի նախարարը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան նույնպես կմասնակցի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին։


