
Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կա՛մ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, կա՛մ մարդ, որը կատարում է թշնամու հանձնարարությունը․ Սերժ Սարգսյանի ելույթը՝ կետերով
Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կա՛մ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, կա՛մ մարդ, որը լցված է չարությամբ, կա՛մ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը․ իր գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի ելույթը՝ կետերով․
- Վեհափառի մասով ասեմ՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում նա բարեխղճորեն կատարելու է իր եկեղեցական ծառայությունը։ Բոլորիս հայտնի Եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են Եկեղեցուն։
- Մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ հայրապետի, Եկեղեցու կողքին։ Հենց Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել։
- Վարդան Ղուկասյանի կալանավորման մասով՝ անկախ որևէ հանգամանքից՝ այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ – շատ մեծ է։ Եվ ընդհանրապես, բոլորիս համար պարզ է, չէ՞, որ այս իշխանություններն ունեն զրո հանդուրժողականություն այլակարծության հետ կապված։ Նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով փորձում են լռեցնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց:
- Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ՀՀ հացահատիկ ներկրելու մասով․ Չեմ կարծում, որ դա Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ և ամենաէժան տարբերակն է։ Ես դեմ չեմ, եթե այդ հացահատիկը հացի գներն էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։
- 2026-ի ընտրությունների մասով․ Այսօրվա պայմաններում ես տեսնում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող 4 ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել հաջորդ խորհրդարանում։
- Մենք նախապատվությունը տալիս ենք իմպիչմենթին։ Իմպիչմենթը ճգնաժամային լուծման գործիք է։ Խորհրդարանական կոնսոլիդացիան լավ հեռանկարներ կարող է բացել։
- Օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը միայն ու միայն օգուտ է Հայաստանին։
- Ես այդ մարդուն (Փաշինյանին – Խմբ․) շատ մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ, որից վերջինը՝ «Մարիոթ»-ում, ի՞նչ ա նշանակում՝ ճանաչել եմ։
- Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունն անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, առանց, կներեք բառիս համար, սրան–նրան շինելու։ Սա է իրավիճակը։


