
Սրբապղծի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր․Լևոն Զուրաբյան
Գլխավոր գերագույն սրբապղծի ու օրինախախտի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Իր ռեժիմի համար ճակատագրական նշանակության Երևանի 2023-ի ընտրությունների համար կարևորագույն երթի համար բոլոր ռեսուրսների պրկումով նա կարողացել էր ապահովել ընդամենը 4200 մարդ, ինչն արդեն ցույց էր տվել, որ Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս:
Դա Փաշինյանի իշխանության մարդահավաքների կարողության վերջին թեստն էր, և իշխանությունը որևէ հիմք չուներ մտածելու, թե ժողովրդական աջակցության անկման միտումը հնարավոր է շրջել: Սակայն, նրան թվացել էր, թե Վաշինգտոնյան «խաղաղ» հռչակագրից հետո նա ձեռք է բերել որոշակի նոր լեգիտիմություն, որը նրան նորից կարող է դարձնել հանրահավաքային զանգվածների տիրակալ:
Կարծես ամեն ինչ նպաստում էր դրան. սրբազանների դեմ սարքած գործերը և եկեղեցու պաշտպան ընդդիմախոսների կալանավորումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վատ բարքերից մաքրելու հռչակված «փրկչարար» առաքելությունը, վարկաբեկիչ տեսանյութերի հրապարակումը, օտար ուժերի անթաքույց աջակցությունը:
Փաշինյանի և նրա հրահանգները ստացած ոստիկանության աջակցությամբ կարգալույծ քահանայի կատարած ծիսակատարությունը պետք է դառնար Փաշինյանի հանրահավաքային «մեծության» վերադարձի ազդանշանը և Մայր Աթոռի Վեհարանի «ազատագրման» սկիզբը, ինչի մասին առավոտյան ազդարարել էր հենց ինքը` եկեղեցու «մեծ բարեփոխիչը»:
Բայց տեղի ունեցավ Նիկոլի սպասվածի հակառակը: Ժողովուրդը մերժեց այն կեղտը, պառակտությունն ու անօրենությունը, որը վերջին օրերին թափում էր Փաշինյանի ու նրա քարոզիչների շուրթերից, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Վիրտուալ աշխարհում կարելի է ամեն օր «սրտիկներ» ուղարկել և ստանալ հազարավոր սարքովի լայքեր, բայց կարևորը ռեալ կյանքի թեստն էր, որը Նիկոլը կատարելապես ձախողեց:
Իշխանության ամբողջ վարչական և քարոզչական մեքենայի հնարավորությունների ծայրահեղ պրկումով ջանքերը տվեցին այն խղճուկ արդյունքը, որը պատկերված է կից լուսանկարում:
Հավաքված այս մի քանի հարյուր մարդիկ (մոտ 600-800 մարդ) մեծապես իշխանության տարբեր աստիճանների և մակարդակների ներկայացուցիչներն են և ոստիկանները: Ժողովուրդը ակնհայտաբար բոյկոտեց անօրենին:
Փաշինյանը, իհարկե, պնդերես է և շարունակելու է իր գարշելի արշավանքը, որովհետև այս ամենի հետեևում օտարածին օրակարգեր են, որոնց սպասարկումից դուրս գալու ելք նա ալևս չունի:
Բայց մեր հանրության համար, միևնույն է, սա, թեև փոքրիկ, բայց նշանակալից հաղթանակ էր»,- գրում է նա:


