
Ալիևին ու Էրդողանին հրավիրել ենք Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Միրզոյան
Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ գրավոր հրավերներ դեռևս չեն ուղարկել:
Արդյոք Ալիևն ու Էրդողանը կժամանեն Երևան, Միրզոյանն ասաց, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել:
Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչն է կանխում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ասաց, որ չնայած ապաշրջափակման և այլ հարցերի շուրջ կարողանում են համաձայնության գալ, կան բաներ, որոնց շուրջ համաձայնություն չկա։
«Հենց այն, որ իրենք կարծում են՝ Սահմանադրությունը պիտի փոխենք, դրանից հետո ստորագրենք, մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա, և եթե դա խնդիր է, մենք ավելի շատ կարող ենք այդ հավակնությունը ներկայացնել իրենց Սահմանադրությանը, այսինքն՝ նոր բաներ չեմ ասում։ Միևնույնն է, այստեղ փոխըմբռնում չունենք, որևէ այլ պայման կամ նախապայման չկա», – նշեց Միրզոյանը։
Հայաստան – Թուրքիա երկխոսությունն առաջիկայում շատ շոշափելի արդյունքներ կունենա՝ ըստ ԱԳ նախարարի։
«Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ: Ինքս շատ լավատես եմ այս առումով, և կարծում եմ, որ առաջիկայում պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արտգործնախարարը:
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափով հանդիպումը Երևանում և Բաքվում անցկացնելուն, Միրզոյանն ասաց․ ««3+3» ձևաչափը շատ կարևորում ենք։ Ընդհանրապես մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, եվրասիական ինտեգրման մաս ենք, բայց սրանք պակաս կարևոր չեն դարձնում մեր շփումը մեր անմիջական հարևանների հետ։ Բոլոր մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումներ եղել են, այժմ մեր և Ադրբեջանի հերթն է հյուրընկալելու ձևաչափը»։


