
Ղուկասյանի գլխավոր «հանցագործությունն» այն լուրերն էին, որ նա մտադիր է առաջադրվել ՀՀ-ի վարչապետի պաշտոնում․ Московский Комсомолец
Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել «երկրի ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մաս):
Ղուկասյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դաշինք կնքի Ռուսաստանի հետ՝ թուրքական սպառնալիքից պաշտպանվելու համար, միաժամանակ պահպանելով իր ինքնիշխանությունը և անկախ պետության բոլոր հատկանիշները: Գյումրու քաղաքապետը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին՝ կոռուպցիայի մեղադրանքով. այս մասին գրել է Московский Комсомолец-ը՝ հիշեցնելով, որ Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան՝ վերջինը Հայաստանում:
Ինչպես նշվել է, շատերը Հայաստանում կարծում են, որ Ղուկասյանի հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի: Սա հատկապես ճիշտ է այն պարագայում, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ղուկասյանի քաղաքապետի պաշտոնավարումը համարել է «թյուրիմացություն» և խոստացել «ուղղել» դա:
«Հիմա Փաշինյանն անհեթեթություններ է խոսում այն մասին, թե ինքը կապ չունի Գյումրու քաղաքապետի ձերբակալության հետ: Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում Փաշինյանին ուղղակիորեն հարցրել են այս մասին: Ի պատասխան, ինչ-ինչ պատճառներով, նա պատգամավորներին ուղարկեց… YouTube, բարեբախտաբար, այն դեռևս չի արգելափակվել Հայաստանում», – գրել է կայքը: «Դուք ասում եք, որ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է իր մտքերի և գործողությունների պատճառով: Ի՞նչ կապ ունեն իմ մտքերը դրա հետ: Իմ մտքերը կարող են օգտագործվել իմ դեմ», – հայտարարել է Փաշինյանը: Սակայն, ինչպես նկատել է МК-ն, հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ամբիոնից ոչ թե մտքեր էին հնչում, այլ Փաշինյանի կոնկրետ խոսքեր, որոնք, անկասկած, Հայաստանի իրավապահ մարմիններն ընդունել են որպես գործողությունների ուղեցույց: Ղուկասյանի գլխավոր «հանցագործությունն», ըստ կայքի, այն լուրերն էին, որ նա մտադիր է առաջադրվել Հայաստանի վարչապետի պաշտոնում 2026 թվականի ընտրություններում: Ինքը՝ Ղուկասյանը, հրապարակայնորեն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս լուրերը:


