28 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետն այսօր կվերադառնա. ի՞նչ գործով են դատապարտել նրան և ի՞նչ է հայտնի

Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետն այսօր կվերադառնա. ի՞նչ գործով են դատապարտել նրան և ի՞նչ է հայտնի

Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ում 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման են դատապարտել, այսօր կվերադառնա Հայաստան։ Վճռի կայացման պահին նա Ռուսաստանում էր։

Դավիթ Համբարձումյանը ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 39-ամյա քաղաքապետը ծնվել է Մասիսում, միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 2003-2007 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ քաղաքագետ է։ Մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանի Կառավարման ակադեմիայում՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ։

Համբարձումյանը 2011 թվականից սկսել է աշխատել պետական համակարգում։ Նրա առաջին քայլերը եղել են ՀՀ վերահսկիչ պալատում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015 թվականից եղել է ՀԷՑ֊ի ներքին վերահսկողության վարչության պետը։

Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, 2016 թվականից՝ Մասիս քաղաքի ղեկավարը։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։

2018 թվականի ապրիլին Հայանիստ-Հովտաշատ բնակավայրերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար Համբարձումյանի դեմ  քրեական գործ էր հարուցվել՝ «զինված խուլիգանության» հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարաններում էր։

Թեպետ իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, սակայն Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Համբարձումյանն իր վերջին հարցազրույցում 3 օր ժամանակ է տվել ՔՊ-ական Ալեն Սիմոնյանին և Վահագն Ալեքսանյանին, որպեսզի վերջիններս ապացուցեն Համբարձումյանի մեղավորությունը։

«Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են, և ուզում եմ իմ հայրենակիցներն իմանան՝ ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել։ Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան՝ հերթական անգամ մանիպուլացնում են, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»,-հայտարարել է Մասիսի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանն ու Ալեն Սիմոնյանն ավելի վաղ խոսել էին ինչ-որ տեսանյութերի մասին, որտեղ երևում է, թե ինչպես է Համբարձումյանը կատարում նշված հանցագործությունները։

Դավիթ Համբարձումյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ չորս անձ ցուցմունք է տվել, բոլորն՝ իրարամերժ։

«Երեքը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, 4-րդն առերեսման ժամանակ խայտառակ էր եղել։  Ինչն էր հետաքրքիր, որ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի արել։ Բայց դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական դատավճիռ։ Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է»,-հայտարարել է Տիգրան Աթանեսյանը։

Ռազմագերիներ