31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը ցանկանում է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, ՌԴ-ն արդեն իսկ դա արել է, իսկ Գերմանիան չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը

Թրամփը ցանկանում է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, ՌԴ-ն արդեն իսկ դա արել է, իսկ Գերմանիան չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի միջուկային փորձարկումները։ Նա այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական հարթակում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ։ Թրամփի հայտարարություններից պարզ չէ, թե ինչի մասին է նա խոսում։ Սակայն, եթե նա նկատի ունի հատկապես միջուկային պայթյունների վերսկսումը, այլ ոչ թե միջուկային հրթիռների փորձարկումներն, ապա մարդկությունը գտնվում է վտանգավոր էսկալացիայի եզրին․ գրել է BBC-ին։

Truth Social-ի գրառման մեջ նշվել է․«Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։ Մենք դրան հասանք՝ հիմնովին արդիականացնելով մեր առկա զենքերը իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Դրանց հսկայական կործանարար ուժի պատճառով՝ ես իսկապես չէի ուզում դա անել, բայց ես այլընտրանք չունեի»։

Թրամփը հավելել է, որ Ռուսաստանը երկրորդ տեղում է միջուկային զինանոցով, իսկ Չինաստանը՝ երրորդը, բայց կհավասարվի հինգ տարվա ընթացքում։ «Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով՝ ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է ամերիկացի առաջնորդը՝ Truth Social-ում։

Ինչպես նշել է BBC-ն, Թրամփի հայտարարության ոչ բոլոր մանրամասները են, որ համապատասխանում են փաստերին։ Աշխարհում միայն Հյուսիսային Կորեան, որոշ առումներով, ունի միջուկային փորձարկման ծրագիր։ Վերջին տարիներին ոչ ոք չի իրականացրել միջուկային պայթյուններ, և հյուսիսկորեացիները հրաժարվել են դրանցից 2018 թվականին։ «Սակայն, երբ խոսքը միջուկային զենքի մասին է՝ հատկապես աշխարհի ամենամեծ զինանոցներից մեկի, ցանկացած անհամապատասխանություն և սխալ, հավանաբար, մեկնաբանվում է որպես վատագույն սցենար, այդ իսկ պատճառով շատերը Թրամփի գրառումը մեկնաբանել են որպես միջուկային փորձարկումների նախապատրաստման հայտարարություն»,- գրել է գործակալությունը՝ հավելելով, որ Սպիտակ տան ղեկավարն, այդուամենայնիվ, չի կարող Պենտագոնին հրամայել սկսել միջուկային փորձարկումներ, քանի որ դրանք կարգավորվում են ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից։

Ավելին, «անհապաղ սկսելը» նույնպես տարբերակ չէ. միջուկային փորձարկումները պահանջում են երկար նախապատրաստական ժամանակ։ Հետևաբար, շատ մեկնաբաններ ենթադրել են, որ Թրամփը, հնարավոր է, նկատի ուներ միջուկային արձակման սարքերի փորձարկումները, հատկապես այն պատճառով, որ դրանք անցկացնում է Պենտագոնը։ ԱՄՆ-ն, ինչպես Ռուսաստանը, պարբերաբար անցկացնում է նման արձակումներ։ Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 19-ին և մարտի 21-ին ամերիկացիներն արձակել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ՝ առանց միջուկային մարտագլխիկների։ Կան այլ, ավելի հիմնարար խոչընդոտներ միջուկային փորձարկումներ անցկացնելու համար։ Փորձարկումները կարևոր են նոր միջուկային զենք մշակելու, արդիականացնելու և զինանոցը լիարժեք մարտական պատրաստության վիճակում պահելու համար։ Զինվորականները ցանկանում են վստահ լինել, որ միջուկային մարտագլխիկը չի սխալվի միջուկային պատերազմի դեպքում։

Մարտագլխիկները տեխնիկապես շատ բարդ սարքեր են, որոնք նախատեսված են ծայրահեղ պայմաններում աշխատելու համար։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն, իր հերթին, կոչ է արել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին չանցկացնել նոր միջուկային փորձարկումներ: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «նախագահ Թրամփի հայտարարությունն ավելի շատ արձագանք է Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչով համակարգերի նախկինում օգտագործմանը»: Գերմանիայի կառավարությունը դեռևս լիովին չի հասկացել, թե ինչ ի նկատի ուներ ԱՄՆ նախագահն իր արձագանքով։ Վադեֆուլի խոսքով՝ Բեռլինը դեռ պետք է քննարկի այս հարցը Վաշինգտոնի հետ: «Կարևոր է, որ միջուկային զենք ունեցող բոլոր հինգ պետությունները շարունակեն պահպանել իրենց համապատասխան փորձարկումների մորատորիումները», – նշել է նախարարը:

Նա հավելել է, որ սա վերաբերում է նաև Հյուսիսային Կորեային՝ «միակ պետությանը, որը 21-րդ դարում միջուկային փորձարկումներ է անցկացրել»: Միջուկային զենքի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հնչել է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին, որ ՌԴ փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռը:

 

Ռազմագերիներ