
Բացահայտվել են Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
Բացահայտվել են Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր, համայնքին պատճառված վնասից 49 մլն ՀՀ դրամը վերականգնվել է. հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում գտնվող, օտարման ոչ ենթակա մի շարք հողատարածքներ, որոնք, ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի, հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։ Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ», – նշված է հայտարարության մեջ։
Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


