
Գարեգին Բ-ի եղբորն ու եղբորորդուն ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբան Արա Զոհրաբյան
Այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել. հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ներսիսյանները մեղադրվում են «Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու» համար։
«Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը:
Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ՝ թույլ մի տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում:


