
Իտալիայում լրագրողին աշխատանքից ազատել են ուկրաինական հակամարտությունը Գազայի պատերազմի հետ համեմատելու համար
Իտալական «Նովա» լրատվական գործակալությունն աշխատանքից ազատել է լրագրող Գաբրիելե Նունցիատիին, երբ վերջինս Եվրահանձնաժողովի պաշտոնյային հիշեցրել է Ռուսաստանին ուղղված ԵՄ կոչերը՝ Ուկրաինային փոխհատուցում վճարելու վերաբերյալ և հարցրել, թե այդ նույն կոչերի համատեքստում արդյո՞ք Իսրայելը պետք է ֆինանսավորի Գազայի հատվածի վերակառուցումը․ գրում է Politico-ն՝ հղում անելով աշխատանքից ազատված լրագրողին։
Ինչպես թերթին պատմել է Նունցիատին, Եվրահանձնաժողովի ճեպազրույցից հետո նա մի քանի լարված հեռախոսազրույց է ունեցել իր ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 27-ին լրագրողին տեղեկացրել են, որ իր աշխատանքային պայմանագիրը դադարեցված է։
«Իր հայտարարության մեջ «Նովա» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Նունցիատիի հարցը ստեղծել է կեղծ համարժեքություն և ցույց է տվել «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների չգիտակցում»», – գրում է Politico-ն։
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է Ուկրաինային նոր վարկ տրամադրել՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կվճարի վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի «փոխհատուցումներ»։ Սակայն, Եվրամիության ներսում այս վարկի վերաբերյալ կոնսենսուս չկա։ Հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցում վճարելու ԵՄ գաղափարն անիրատեսական է՝ նշելով, որ Բրյուսելը վաղուց է զբաղվում ռուսական ակտիվների գողությամբ։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան կտա երաշխավորված և շատ ցավոտ պատասխան, եթե իր սառեցված ակտիվները բռնագրավվեն։


