
Ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա ղազախական ցորենի մուտքը․ ՔՊ-ականները տառացիորեն նույն պատասխանն են տալիս, տնտեսագետը՝ մեկնաբանում
Ղազախական ցորենի մասին լուրը մեծ աղմուկով ընդունվեց, ոմանց մոտ՝ ոգևորությամբ, ոմանց մոտ՝ տարակուսանքով։ Համենայնդեպս, այն, որ ապաշրջափակումը ուժի մեջ է, այսօր ևս մեկ անգամ փաստեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հայտարարելով որ այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, իսկ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով։
Մեկնաբանություններում քաղաքացիները հետաքրքրված են հետևյալ հարցով՝ կէժանանա՞ արդյոք հացամթերքը։ Հետաքրքրականն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բառացիորեն և տառացիորեն նույն տեքստով են պատասխանում համանման հարցերով մեկնաբանություններին․
«Սա ինքարժեքի իջեցման գործոն է, բայց գնի վրա այլ գործոններ էլ կարող են ազդել: Մի փոքր ժամանակ պետք է անցնի, որ ավելի հստակ հասկանանք»: Տպավորություն է, թե տվյալ պատասխանը հատուկ մշակվել է նման հարցերի համար․ ուղղակի պետք է պատճենել և վերջ։
ABC Media-ն տվյալ հարցի պատասխանը փորձել է ստանալ տնտեսագետ Սուրեն Պարսյանից, որը նախ նշում է, որ Հայաստանը ցորենի ինքնաբավության խնդիր ունի՝ ընդամենը 30 տոկոսն է կարողանում ապահովել, իսկ 70 տոկոսը ներկրում է, որի 90 տոկոսն էլ ՌԴ-ից է ներկրվում, հետևաբար՝ պետք է քայլեր ձեռնարկենք այլընտրանքային ներկրման հնարավորություններ ձեռք բերելու համար, որոնցից մեկը կարող է դիտարկվել օրինակ Ղազաստանը, բայց չի կարող ամբողջությամբ փոխարինել՝ հաշվի առնելով աշխարհագրությունը, կապերը, գինը և այլն։
Փաստորեն, ռուսական ցորենը միջազգային շուկայում ընդհանուր առմամբ ավելի էժան է, քան ղազախական ցորենը, և Հայաստանը մշտապես կարողացել է ռուսական էժան ցորեն բերել՝ արտոնյալ պայմաններով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրմամբ պայմանավորված գնիջեցմանը, տնտեսագետը կարծում է, որ կախված է, թե ինչ գնով է գալիս ցորենը և ինչ հնարավորություններով, ինչն էլ ցույց կտա ապագան և ավելացնում․ «Բացի այդ՝ նշեմ, որ տրանսպորտային տեսանկյունից Ղազախստանից եկող ցորենը այլ հավասար պայմաններում պետք է ավելի թանկ լինի, քանի որ Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղին ավելի երկար է, քան Փոթի-Թբիլիսի-Երևանը, այսինքն՝ միանշանակ չենք կարող ասել, թե Ղազախստանից եկող ցորենը անհամեմատ էժան կգա, քանի որ երկաթուղին ավելի երկար է այս պարագայում»։
Սուրեն Պարսյանը շեշտում է, որ ի հակադրություն Ղազախստանից եկող ցորենի՝ Ռուսաստանից եկողը ցորենը կարող է ավելի էժան գալ Ադրբեջանի տարածքով, իսկ բեռնափոխադրման արդյունավետությունն էլ ավելի կմեծանա, եթե աշխատի Հայաստան-Ադրբեջան երկաթուղին, մասնավորապես, եթե Տավուշով աշխատի ղազախական երկաթգիծը։
Ամեն դեպքում, տնտեսագետը համարում է, որ վերջին շրջանում կատարվող բեռնափոխադրումները ավելի շատ քաղաքական ուղերձ են պարունակում, քան տնտեսական, և որ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, թե անվտանգությունն ավելի է ամրապնդվել, իսկ խաղաղության օրակարգը՝ ավելի ուժեղացել։


