Հիմնական շեշտն է՝ գործադրել ջանքեր Լաչինի միջանցքի լիակատար աշխատանքն ապահովելու համար․ Դավիթ Բաբայանը՝ Շառլ Միշելին ուղղված նամակի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի
միջոցով նամակ է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
ABC Media-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը
խոսեց նամակի բովանդակության մասին։
«Մենք նամակներով դիմել ենք տարբեր երկրների և կառույցների ղեկավարներին։
Նամակի էության հիմնական շեշտը՝ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Բերձորի միջանցքը
լիակատար ձևով աշխատի։ Միջազգային հանրությունն այստեղ պետք է քայլեր ձեռնարկի։ Բացի
դրանից, մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը»,-ասաց Բաբայանը։
Հարցին՝ այսօր Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ
հանդիպումից ի՞նչ սպասումներ ունեն, Բաբայանը պատասխանեց՝ կարևորը դիրքերը պահպանելն
է։
«Մենք անընդունելի ենք համարում ցանկացած մոտեցում, որով Արցախը
կճանաչվի Ադրբեջանի մաս։ Շառլ Միշելն արել է մի շարք շատ վատ հայտարարություններ, որոնք
մեզ համար ընդունելի չեն, քանի որ սա հարված է նաև համաշխարհային ժողովրդավարությանը»,-ընդգծեց
Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախն իր դիրքորոշումը հայտնում է բացեիբաց,
հանրային տարբերակով։
ՀՀ իշխանությունից սպասելիքների մասով Բաբայանը
ևս մեկ անգամ վերահաստատեց՝ իրենց համար ընդունելի չէ ցանկացած քայլ, արտահայտություն
կամ քաղաքականություն, որը Արցախը կդիտարկի Ադրբեջանի մաս։
«Սա ոչ միայն իշխանության, այլև Արցախի ժողովրդի կարծիքն է։ Կարծում
եմ՝ ցանկացած նորմալ հայի կարծիքն է»,-եզրափակեց Բաբայանը։