
Ամբողջ տեխնիկայի առգրավումը լրատվականի գործունեությունը դադարեցնելու նպատակ է հետապնդում․ AntiFake.am-ը դիմել է դեսպաններին
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել այսօր իրենց գրասենյակում տեղի ունեցած խուզարկության, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալության մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, որից հետո դիմադրություն չցուցաբերող Սամսոնյանին և Սաղաթելյանին ձեռնաշղթայած՝ ձերբակալել են։ Խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am-ի գրասենյակում։ Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am-ի լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք, մեր պնդմամբ, որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար: Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:
Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը:
Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո՝ իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում»։


