
«Հաղթանակ» դաշինքն ամփոփեց Վաղարշապատի համայնքապետի ընտրության քարոզարշավը
Ներկայացրել ենք մեր տեսլականը, մեր ծրագրերը, ասել ենք՝ ինչպիսին ենք ուզում տեսնել մեր համայնքը, լսել ենք նաև բնակիչների կարծիքը։ Լսեցինք նաև նրանց տեսլականն ու առաջարկները․ այս մասին քարոզարշավի ամփոփիչ ելույթում ասել է «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«Բնակիչների առաջ քաշած առաջարկները ընդունելի էին։ Մենք գրի ենք առել դրանք, որպեսզի ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո լծվենք գործի՝ այդ ամենը իրականացնելու համար։ Մենք չենք տվել խոստում, որը անիրատեսական է կամ չի իրականացվի։ Մենք տվել ենք խոստումներ, որոնք իրական կյանքում՝ գետնի վրա, իրականացնելու ենք մեծ պատասխանատվությամբ։ Սա մեզ համար պատվի հարց է։ Վաղարշապատը պատվախնդիր մարդկանց քաղաք է, և մենք պատվախնդիր մարդիկ ենք։ Երբ թիմը ձևավորել ենք, նայել ենք միմյանց աչքերի մեջ և ասել՝ եթե ժողովուրդը մեզ վստահի, պետք է կարճ ժամանակ անց այնպես աշխատենք, որ մեր ընկերները, ովքեր հորդորել են իրենց ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին, շնորհակալություն հայտնեն և ասեն՝ շատ ճիշտ խորհուրդ ես տվել»,– հայտարարել է Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում այցելել են Էջմիածնի ծայրամասեր, որտեղ տեսել են «խայտառակ պատկեր»՝ չնայած տեղյակ լինելուն։
«Տեսանք կենսական նշանակություն ունեցող թաղամասեր, որտեղ նույնիսկ կոյուղու խնդիր կա։ 21-րդ դարում մենք դեռ ունենք կոյուղու խնդիր, և այդ թաղամասերում ապրում է բավականին շատ ժողովուրդ։ Ես խոստանում եմ՝ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է լինելու, և մենք այդ կենսական նշանակության խնդրին արագ լուծում ենք տալու»,– նշել է թեկնածուն։


